Մատչելի հղումներ

Թուրքիան փորձում է հնարավորինս արագ օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին


Թուրքիան փորձում է հնարավորինս արագ օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին

Ցուրտ եղանակը և ձյունը դժվարացնում են Թուրքիայում փրկարարական աշխատանքների իրականացումը: Երկրի իշխանությունները փորձում են հնարավորինս արագ ապաստան տրամադրել երկրաշարժի հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:

Թուրքիայում կիրակի օրը տեղի ունեցած 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով զոհվածների թիվը հասել է 523-ի, 1 650 մարդ ստացել են վնասվածքներ: Իշխանությունների համոզմամբ, զոհվածների թիվը շարունակելու է աճել:

Թուրքիան դիմել է օտարերկրյա պետություներին` օգնություն տրամադրելու խնդրանքով: Օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերված օգնության մի մասը, ներառյալ վրաններ, հագուստն ու սնունդը, արդեն առաքվել է Թուրքիա:

Երկրաշարժից տուժած երկիրը տարերային աղետից անմիջապես հետո ընդունել էր օգնություն միայն սահմանակից Ադրբեջանից և Իրանից:

Երկրաշարժի պատճառով տեղահանված որոշ բնակիչներ բողոքում են, որ երկրի կառավարությունն արագ չի գործում: Երկար ժամանակ հերթում սպասող մարդկանցից շատերը այնպես էլ չկարողացան ստանալ վրաններ, և ստիպված են եղել գիշերն անցկացնել դրսում` կրակի մոտ: Սակայն քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր դրական են գնահատում երկրի կառավարության կողմից գործադրվող ջանքերը:

Թուրքիայում գործող Կարմիր մահիկի կազմակերպության մասնաճյուղի համաձայն, չորեքշաբթի օրը Թուրքիայում թալանվել է մարդասիրական օգնություն տեղափոխող 17 բեռնատար մեքենա:

Երկրում տուժածներին օգնություն է տրամադրում նաև Կարմիր խաչի կազմակերպության մասնաճյուղը, որն աշխատում է երկրաշարժից փրկվածներին օգնություն հասցնելու և փլատակների տակ դեռևս գտնվող մարդկանց ազատելու ուղղությամբ: Կազմակերպության համաձայն, բնակչությանն արդեն իսկ բաշխվել է ավելի քան 7 500 վրան, 22 000 վերմակ և վառարան, ինչպես նաև սնունդ և խմելու ջուր:

Աշխարհի պետությունների առաջնորդներն իրենց ցավակցությունն են հայտնել Թուրքիայի ժողովրդին և օգնություն ցուցաբերելու առաջարկով են հանդես եկել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգներն այս դժվար ժամանակներում «ուս ուսի կանգնած կլինեն Թուրքիայի հետ»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին անցկացվող բանակցությունների ընդմիջմանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Միավորված ազգերի կազմակերպության նախագահ Բան Կի-մունը գովասանքի խոսքեր է հղել Թուրքիայի իշխանություններին` տարերային աղետին արագ արձագանքելու համար և ասել, որ ՄԱԿ-ը պատրաստ է Թուրքիայի կողմից դիմելու դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:

XS
SM
MD
LG