Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը երկրում կատարված «սպանդից» հետո ՄԱԿ-ին հորդորել է միջոցներ ձեռնարկել


Սիրիայի ընդդիմությունը երկրում կատարված «սպանդից» հետո ՄԱԿ-ին հորդորել է միջոցներ ձեռնարկել

Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը հորդորել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին և Արաբական պետությունների լիգային ձեռնարկել միջոցներ՝ կառավարական ուժերի կողմից երկու օրվա ընթացքում ավելի քան 200 մարդու սպանությունն իրականացնելուց հետո:

Ընդդիմադիր խորհուրդը չորեքշաբթի օրը կոչ է արել գումարել ՄԱԿ-ի արտակարգ նիստ՝ քննարկելու Զավիա, Իդլիբ և Հոմս նահանգներում տեղի ունեցած սպանդը: Խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին անվտանգության գոտիներ ստեղծել այս տարածքներում և ստիպել, որպեսզի Սիրիայի կառավարական ուժերը հեռանան այդ վայրերից:

Սիրիայի ազգային խորհրդի համաձայն, 48 ժամվա ընթացքում երկրում սպանվել է 250 մարդ, ինչի հետևանքով այս ժամանակաշրջանը դարձրել է մարտ ամսից երկրում տեղի ունեցող խռովությունների ժամանակից ամենաարյունալին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չուրկինը հայտնել է լրագրողներին, որ հինգշաբթի օրը ՄԱԿ-ում կանցկացվի բանակցությունների երկրորդ փուլը՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևի շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայում տեղի ունեցող խռովությունների ընթացքում զոհվածների հիմնական մասի պատճառը երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության կողմից ձեռնարկված գործողություններն են:

Ջեյ Քարնին ասել է, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած է» վստահելի աղբյուրներից ստացված այն հաղորդագրություններով, որի համաձայն կառավարական ուժերը կամայական եղանակով իրականացնում են բազմաթիվ քաղաքացիական անձանց և դասալիքների սպանություններ:

XS
SM
MD
LG