Մատչելի հղումներ

Արաբական պետությունների լիգայի դիտորդներն ուղևորվել են Հոմս


Արաբական պետությունների լիգայի դիտորդներն ուղևորվել են Հոմս

Սիրիա ժամանած Արաբական պետությունների լիգայի դիտորդներն ուղևորվել են ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերի կիզակետ Հոմս քաղքաքը, որտեղ, ըստ ընդդիմադիր ակտիվիստների, կառավարական ուժերը վերջին օրերի ընթացքում սաստկացրել են հարձակումները:

Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հոմս քաղաքում երկուշաբթի օրն առնվազն 30 մարդու սպանությունից հետո իրավապաշտպանները հորդորել են դիտորդներին անհապաղ այցելել այդ քաղաք:

Արաբական պետությունների լիգայի առաքելության ղեկավար, Սուդանի զինված ուժերի գեներալ Մոհամմեդ Դաբին երեքշաբթի օրն ասել է, որ դիտորդներն ուղևորվել են Հոսմ քաղաք, որից, ըստ ակտիվիստների, այդ ընթացքում կառավարական ուժերը սկսել են դուրս բերել զրահատեխնիկան:

Լիգայի համաձայն, արաբական առնվազն ութ պետություններից դիտորդները երեքշաբթի օրն այցելելու են Սիրիայի մի քանի քաղաք, ներառյալ Հոմսը, Իդլիբը, Համան և Դերաան:

Արաբական պետությունների լիգայի 50 դիտորդ և պաշտոնատար տասը անձ երկուշաբթի օրը ժամանել են Սիրիա Եգիպտոսից՝ նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմից երկրի քաղաքներից տանկերն ու զինծառայողներին դուրս բերելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին խոստումների կատարումը վերահսկելու նպատակով:

XS
SM
MD
LG