Մատչելի հղումներ

Սիրիայում քաղաքացիական անձանց սպանությունները խաթարում են դիտորդների առաքելությունը


Սիրիայում քաղաքացիական անձանց սպանությունները խաթարում են դիտորդների առաքելությունը

Սիրիայի անվտանգության ուժերը կիրակի օրը սպանել են առնվազն յոթ ցուցարար: Երկրի ակտիվիստների վկայությամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին հավատարիմ ստորաբաժանումների կողմից չորս մարդ սպանվել է Դամասկոսի Դարիա արվարձանում, քաղաքացիական այլ անձինք սպանվել են Հոմսում՝ դառնալով 2012 թվականին երկրում իրականացվող բռնությունների առաջին զոհերը:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, Արաբական պետությունների լիգայի դիտորդների կողմից անցյալ շաբաթ իրենց առաքելությունը մեկնարկելու ժամանակից սպանվել է ավելի քան 150 մարդ:

Արաբական լիգայի անդամ պետությունների 88 պատգամավորից կազմված Արաբական խորհրդարանի խոսնակի համաձայն, Սիրիայում իրականացվող բռնությունների զոհ են դառնում բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Խոսնակը կոչ է արել այս երկրից դուրս բերել դիտորդներին՝ այնտեղ տեղի ունեցող բռնությունների պատճառով:

Արաբական խորհրդարանի առաջարկությունները չունեն պարտադիր ուժ, քանի որ այս մարմինը գործում է Արաբական պետությունների լիգայի կազմից դուրս:

Սիրիայի ակտիվիստները նաև մեղադրել են կառավարությանը շենքերի տանիքներին դիպուկահարներ տեղակայելու մեջ: Ակտիվիստների այս պնդումը դարձել է Սիրիայում գործող դիտորդների միջև անհամաձայնության պատճառը:

Այսպես, Դերաայում նկարահանված տեսանյութում դիտորդներից մեկը նշել է, որ իր խումբը դիպուկահարներ է նկատել՝ ասելով, որ պատժամիջոցներից խուսափելու համար նրանց անհրաժեշտ է հեռացնել:

Դիտորդների առաքելության ղեկավար, Սուդանի գեներալ Մոհամմեդ ալ-Դաբին սակայն ավելի ուշ ասել է, որ այդ արտահայտությունը տեսանյութում պատկերված դիտորդի կողմից առաջ քաշված վարկած է, որը սխալ է մեկնաբանվել:

Արաբական պետությունների լիգան այս շաբաթվա ընթացքում նախատեսում է լրացուցիչ դիտորդներ ուղարկել Սիրիա, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա արաբական խորհրդարանի կոչը դիտորդների առաքելության վրա:

XS
SM
MD
LG