Մատչելի հղումներ

Սիրիան մահապատիժ է սահմանել «ահաբեկիչներին զենք մատակարարելու համար»


Սիրիան մահապատիժ է սահմանել «ահաբեկիչներին զենք մատակարարելու համար»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը հրապարակել է նոր օրենք, որը մահապատիժ է սահմանում «ահաբեկիչներին զենք մատակարարելու համար»:

Սիրիայի իշխանությունները երկում տեղի ունեցող խռովությունների մեջ շարունակում են մեղադրել «զինված ահաբեկիչներին և հանցավոր խմբերին»:

Իրավապաշտպան ակտիվիստների համաձայն, մահապատիժ սահմանող օրենքն ընդունելուց մեկ օր առաջ կառավարական ուժերը ոչնչացրել են Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող հենակետերում իրենց ծառայությունը թողած 70 դասալիք, իսկ երկրի այլ մասերում անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է ևս 30 մարդ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը միաձայն ընդունել է Սիրիայում իրականացվող բռնությունները դատապարտող բանաձև:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Սիրիայում խռովությունների ինն ամսվա ընթացքում զոհվել է առնվազն 5 հազար մարդ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Սիրիայի իշխանությունները համաձայնել են Արաբական պետությունների լիգայի ծրագրին, որի շրջանակներում Սիրիայի տարածք պետք է թույլատրվի դիտորդների մուտքը, որոնց առաքելությունը կլինի անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցուցարարների դեմ բռնությունների իրականացման դադարեցման հաստատումը:

Արաբական պետությունների լիգան անցյալ ամիս դադարեցրել էր այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը և տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ սահմանել Դամասկոսի նկատմամբ՝ ճնշում գործադրելով այս երկրի կառավարության վրա Լիգայի խաղաղ նախաձեռնությունը չընդունելու պատճառով:

Սիրիայի կառավարությունը պահանջել է փոփոխություններ կատարել այս երկիր Արաբական պետությունների լիգայի դիտորդներ ուղարկելու ծրագրում՝ պնդելով, որ առաջարկված ծրագիրը խախտում է երկրի ինքնիշխանությունը:

XS
SM
MD
LG