Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները թույլատրելու են դիտորդների մուտքը երկիր


Սիրիայի իշխանությունները թույլատրելու են դիտորդների մուտքը երկիր

Սիրիայի իշխանությունները համաձայնել են Արաբական պետությունների լիգայի ծրագրին, որի համաձայն Սիրիայի տարածք պետք է թույլատրվի դիտորդների մուտքը, որոնց առաքելությունը կլինի հաստատել անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցուցարարների դեմ բռնությունների իրականացման դադարեցումը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երկուշաբթի օրն Արաբական պետությունների լիգայի ծրագրի ստորագրմանը նախորդել են բռնությունների ինն ամիսները, որոնց հետևանքով, ըստ Միավորված ազգերի կազմակերպության, զոհվել է առնվազն 5 հազար մարդ:

Արաբական պետությունների լիգան անցյալ ամիս դադարեցրել էր այս կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը և տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցներ սահմանել Դամասկոսի նկատմամբ՝ ճնշում գործադրելով այս երկրի կառավարության վրա Լիգայի խաղաղ նախաձեռնությունը չընդունելու պատճառով:

Սիրիայի կառավարությունը պահանջել է փոփոխություններ կատարել այս երկիր Արաբական պետությունների լիգայի դիտորդներ ուղարկելու ծրագրում՝ պնդելով, որ առաջարկված ծրագիրը խախտում է երկրի ինքնիշխանությունը:

Չինաստանի իշխանությունները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ սատարում են Սիրիայում իրականացվող բռնությունները դատապարտող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նոր նախագիծը, որն անցյալ շաբաթ ներկայացվել է Ռուսաստանի կողմից:

Ռուսաստանի կողմի ներկայացված բանաձևի նախագծում դատապարտվել է Սիրիայում բոլոր կողմերի իրականացված բռնությունները, սակայն այս երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ չի արվել:

Արևմտյան տերությունները ողջունել են Ռուսաստանի կողմից ներկայացված նախագիծը, սակայն նշել, որ այն «բավականին խիստ չէ»:

Ռուսաստանն ու Չինաստանն այս տարվա հոկտեմբեր ամսին օգտագործել են վետոյի իրենց իրավունքը՝ արգելափակելով Սիրիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևի նախագիծը:

XS
SM
MD
LG