Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը դիտորդներ է ուղարկել Ռուսաստան՝ նախագահական ընտրություններին ընդառաջ


Ռուսաստանում ԵԱՀԿ-ի ընտրությունների դիտորդական առաքելության նախագահ Հայդի Թալյավինի (արխիվային լուսանկար)

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ընտրությունների դիտորդական առաքելությունը մեկնարկել է իր աշխատանքը՝ Ռուսաստանում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:

Առաքելության նախագահ Հայդի Թալյավինին հինգշաբթի օրը խոստացել է օբյեկտիվորեն գնահատել ընտրությունների գործընթացը:

«Հավատացնում եմ ձեզ, որ մենք ազնիվ և բաց մտքով ենք կատարելու մեջ աշխատանքը: Մենք գրանցելու ենք գործընթացի դրական կողմերը, սակայն չենք խուսափելու նաև հայտնաբերված թերություններն ու խախտումները մատնանշելուց: Սա այն է, ինչի շուրջ համաձայնության են եկել և ինչ մեզ խնդրել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ի այլ անդամները», - ասել է Թալյավինին:

ԵԱՀԿ-ը դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հայտնել էր բազմաթիվ խախտումների մասին, որոնք, ըստ երկրի ընդդիմության, եղել են ընտրակեղծիքներ՝ դառնալով բողոքի զանգվածային ցույցերի պատճառը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել վարչապետ Պուտինի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:

Վլադիմիր Պուտինն իր թեկնածությունն է դրել գալիք նախագահական ընտրություններում: 59-ամյա Պուտինն առաջին անգամ նախագահ էր ընտրվել 2000 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2008 թվականը՝ պաշտոնավարման սահմանափակումների պատճառով, ապա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Երկրի նախագահ վերընտրվելու դեպքում նա կարող է պաշտոնավարել ևս երկու վեցամյա ժամկետի ընթացքում՝ իշխանության գլուխ մնալով մինչև 2024 թվականը:

XS
SM
MD
LG