Մատչելի հղումներ

Ռուսաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը նպատակ և առաջնորդ չունենալու մեջ


Ռուսաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը նպատակ և առաջնորդ չունենալու մեջ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկրի ընդդիմությունը չունի նպատակ և առաջնորդներ՝ մերժելով Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կրկին անցկացման մասին պահանջները:

Վարչապետ Պուտինը լրագրողների հետ երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում ասել է, թե ընդդիմությունը չունի միասնական ծրագիր, իր նպատակներին հասնելու հստակ եղանակ, իսկ ընդդիմության շարքերում չկա որևէ մեկը, ով կարող է հասնել «կոնկրետ» արդյունքների:

Վալդիմիր Պուտինն ասել է նաև, որ ցանկանում է, որ Ռուսաստանում մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրությունները լինեն «բացարձակապես թափանցիկ» և պնդել, որ երկրում անցկացված ընտրությունների ընթացքում հաղթանակի հասնելու համար իրեն անհրաժեշտ չէր դիմել ընտրական կեղծիքների:

Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների մասին լուրերը դարձել են Խորհրդային Միության փլուզման ժամանակից բողոքի ամենամեծ ցույցերի անցկացման պատճառը: Ակտիվիստների համաձայն, Ռուսաստանի վարչապետի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ընտրություններում հաղթանակել է ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով, պահանջել չեղյալ ճանաչել անցյալ ընտրությունների արդյունքները և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել:

Այս ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ընտրություններից հետո կառավարությունում փոփոխություններ կատարելու շրջանակում, փոխվարչապետի պաշտոնում է նշանակել Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Սուրկովին, որը նախկինում զբաղեցրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Մոսկվայում շաբաթ օրն անցկացված բողոքի ցույցի կազմակերպիչների համաձայն, զրոյից ցածր եղանակի պայմաններում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար՝ գերազանցելով այս ամսվա սկզբին անցկացված նման ցույցի մասնակիցների թիվը: Ռուսաստանի ոստիկանության գնահատականների համաձայն, ցույցին մասնակցել է մոտ 28 հազար մարդ:

XS
SM
MD
LG