Մատչելի հղումներ

Դիվանագետները «ցնցող» են անվանել Սիրիայում զոհերի թվի կտրուկ աճի մասին լուրերը


Դիվանագետները «ցնցող» են անվանել Սիրիայում զոհերի թվի կտրուկ աճի մասին լուրերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մի քանի պետության ներկայացուցիչներ «ցնցող» են անվանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում ներկայացված այն տվյալները, որոնց համաձայն Սիրիայում տեղի ունեցող խռովությունների պատճառով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն ասել է, որ Սիրիայում մարդու իրավունքների ոլորտում ծավալվող ճգնաժամը վտանգ է ներկայացնում աշխարհում խաղաղության և կայունության համար: ԴիԿարլոն ասել է, որ վերջին չորս ամսվա ընթացքում ՄԱԿ-ի կողմից Սիրիայում զոհերի թվի գնահատականն ավելացել է ավելի քան երկու անգամ: ԴիԿարլոն անընդունելի է համարել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս չի անդրադարձել Սիրիայում տիրող իրավիճակին:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Չինաստանն ու Ռուսաստանն օգտագործել են վետոյի իրենց իրավունքը՝ արգելափակելով Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների իրականացումը դատապարտող բանաձևի նախագծի ընդունումը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը սակայն նշել է, որ Արևմուտքի կողմից «անբարոյական» է Անվտանգության խորհրդի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքներ ներկայացնել Մոսկվային՝ միաժամանակ հրաժարվելով ճնշում գործադրել Սիրիայի ընդդիմության այն հատվածի նկատմամբ, որոնց Լավրովը «զինյալ ծայրահեղականներ» է անվանել:

ՄԱԿ-ում Գերմանիայի ներկայացուցիչ Փիթեր Վիթինգն ասել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացված տվյալները վկայում են այն մասին, որ նկատվում է «քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններ կիրառելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման կայուն օրինաչափություն»:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ Անվտանգության խորհրդի կողմից անցկացված այս հանդիպումը եղել է վերջին երկու տարիների ընթացքում կայացած «ամենազարհուրելի» հանդիպումը՝ հավելելով, որ Սիրիայում իրավիճակը գնալով վատթարանում է՝ Հոմսում զինված ուժերի ներկայացման ավելացման և այս երկրում տասնյակ հազարավոր մարդկանց ազատազրկումների, խոշտանգումների և բռնաբարությունների պատճառով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոլոր պետությունների ներկայացուցիչները համաձայնվել են Արաբական պետությունների լիգայի հետ համագործակցության անհրաժեշտության շուրջ՝ «լուրջ հետևանքներ ունեցող տարածաշրջանային այս ճգնաժամը հաղթահարելու նպատակով»:

ՄԱԿ-ում անցկացված հանդիպումից հետո «Human Rights Watch» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ,՝ ասելով, որ «անգործությունն այլևս ընդունելի տարբերակ չէ», և որ «պատմությունը խստորեն դատապարտելու է նրանց, ովքեր Սիրիայում ծավալվող ողբերգության ընթացքում փակեն աչքերը տեղի ունեցող դաժանությունների վրա»:

XS
SM
MD
LG