Մատչելի հղումներ

Աշխարհի բազմաթիվ պետություններ են ճանաչել Հարավային Սուդանին


Աշխարհի բազմաթիվ պետություններ արդեն իսկ ճանաչել են Հարավային Սուդանին, որը շաբաթ օրը դարձավ աշխարհի ամենանոր պետությունը։

«The Sudan Tribune» օրաթերթի համաձայն, Հարավային Սուդանն արդեն իսկ ճանաչել է առնվազն 15 պետություն, որոնց թվում են աշխարհի այնպիսի տերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Չինաստանը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջիններից մեկն է հանդես եկել Հարավային Սուդանը ճանաչելու մասին հայտարարությամբ՝ ասելով, որ Միացյալ Նահանգները «ողջունում է նոր պետության ստեղծումը» և կհամագործակցի Հարավային Սուդանի ժողովրդի հետ՝ իրենց պետությունը կառուցելու դժվարին գործում։

Երկիրը ճանաչելու մասին հաղորդագրություններ հղել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հնդկաստանի, Իսրայելի, Քենիայի և Ֆրանսիայի ղեկավարները։

Չինաստանը նույնպես հղել է երկրի անկախությունը ճանաչելու մասին հաղորդագրություն՝ ասելով, որ ջանք չի խնայի Հարավային Սուդանի և նրա հյուսիսային հարևան պետության միջև խաղաղություն և բարյացակամ հարաբերություններ հաստատելու գործում։ Չինաստանը Սուդանի անմշակ նավթի հիմնական գնորդն է և ցանկանում է, որ երկու Սուդանների միջև առկա լարվածությունը չխաթարի նավթի հորատումը։

Հարավային Սուդանի ժողովուրդը հունվար ամսին անցկացված հանրաքվեի ժամանակ գերակշռող մեծամասնությամբ քվեարկել էր Հյուսիսից առանձնանալու օգտին։ Հանրաքվեի անցկացումը նախատեսված է եղել Սուդանի հյուսիսային և հարավային մասերի միջև պատերազմն ավարտելու մասին 2005 թվականին կնքված խաղաղության պայմանագրով։

Երկրում դեռևս չեն դադարել բռնությունները, և այն պետք է կարգավորի Հյուսիսի հետ սահմանների և նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների բաշխման խնդիրը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը հաստատել է Հարավային Սուդան ուղարկվող խաղաղապահ ուժերի կազմը, որտեղ ընդգրկված կլինի մինչև յոթ հազար զինծառայող և 900 ոստիկան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ» - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունում:

XS
SM
MD
LG