Մատչելի հղումներ

Հարավային Սուդանը տոնում է անկախությունը


Հարավային Սուդանը տոնում է անկախությունը
Հարավային Սուդանը տոնում է անկախությունը

Հարավային Սուդանը պաշտոնապես հռչակեց իր անկախությունը։

Երկրի խորհրդարանի խոսնակ Ջեյմս Վանի Իգան երկրի մայրաքաղաք Ջուբայում անցկացվող արարողությանը հավաքված հարյուր հազարավոր մարդկանց ներկայությամբ ընթերցել է անկախության հռչակագիրը։

Հարավային Սուդանի զինծառայողները բարձրացրել են նորանկախ պետության և իջեցրել Հյուսիսի դրոշները։ Դրոշի բարձրացմանը հետևել է երկրի նախագահ Սալվա Քիրի երդմնակալության արարողությունը։

Հարավային Սուդանի ժողովուրդը հունվար ամսին անցկացված հանրաքվեի ժամանակ գերակշռող մեծամասնությամբ քվեարկել էր Հյուսիսից առանձնանալու օգտին։ Հանրաքվեի անցկացումը նախատեսված է եղել Սուդանի հյուսիսային և հարավային մասերի միջև պատերազմն ավարտելու մասին 2005 թվականին կնքված խաղաղության պայմանագրով։

Երկրում դեռևս չեն դադարել բռնությունները, և այն պետք է կարգավորի Հյուսիսի հետ սահմանների և նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների բաշխման խնդիրը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը հաստատել է Հարավային Սուդան ուղարկվող խաղաղապահ ուժերի կազմը, որտեղ ընդգրկված կլինի մինչև յոթ հազար զինծառայող և 900 ոստիկան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ» - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունում:

XS
SM
MD
LG