Մատչելի հղումներ

Շրջադարձային փոփոխություններ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում


Շրջադարձային փոփոխություններ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում

ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, շաբաթ օրը դաշինքի ղեկավարության և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև հանդիպումը «շրջադարձային կետ» է լինելու Մոսկվայի և արևմտյան պետությունների դաշինքի հարաբերություններում։

Ռասմուսենը նաև հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը համաձայնել է ընդլայնել սարքավորումների տարանցումը իր տարածով, ինչն անհրաժեշտ է Աֆղանստանում ՆԱՏՕ–ի զորքերին օժանդակելու համար։

Ռուսաստանի նախագահը շաբաթ օրը ժամանել է Լիսաբոն՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի բանակցությունները գլխավորելու համար։ Խորհրդի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թվականի ապրիլին և այլևս չէր անցկացվել՝ Ռուսաստանի և Արևմուտքի դաշնակից Վրաստանի միջև տեղի ունեցած կարճաժամկետ պատերազմի պատճառով։

«Եկել է ժամանակը, որը մեզանից պահանջում է արդիականացնել մեր հարաբերությունները», – Խորհրդի հանդիպման բացմանն ասել է Ռասմուսենը։

Նախատեսվում է, որ ՆԱՏՕ–ն Ռուսաստանին կառաջարկի մասնակցել ԱՄՆ–Եվրոպա հակահրթիռային պաշտպանության վահանի ստեղծման աշխատանքներին, ինչն ամենասերտ համագործակցությունն է լինելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև Սառը պատերազմի ավարտից հետո։

Սակայն դեռևս պարզ չէ, թե Ռուսաստանն ինչ դեր է խաղալու պաշտպանական այս համակարգում։

XS
SM
MD
LG