Մատչելի հղումներ

Ռոմնին հարցումների արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում


Ռոմնին հարցումների արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում

Հանրապետական կուսակցությանը սատարող ընտրողները երեքշաբթի օրը կմասնակցեն Ֆլորիդա նահանգում կայանալիք նախնական ընտրություններին, որոնք կարող են առանցքային դառնալ հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու առաջադրելու պայքարում:

Ֆլորիդայում կայանալիք նախագահական նախնական ընտրությունների ընթացքում քվեարկողներն ընտրություն կկատարեն չորս թեկնածուների միջև, սակայն նահանգի Օռլանդո քաղաքից «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդել է, որ ընտրողներին հիմնական մտահոգում են երկրի տնտեսական վիճակի հետ կապված խնդիրները:

Նախնական ընտրություններից ընդառաջ, ըստ հասարակական հարցումների արդյունքների, առաջատար դիրքերում գտնվում է Միթ Ռոմինն:

Քվինիփեք համալսարանի Հասարակության կարծիքի հարցումների ինստիտուտի կողմից Ֆլորիդայի ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, Ռոմնիի օգտին իրենց ձայները տալու հավանականության մասին հայտնել է ընտրողների 43 տոկոսը, իսկ իր ամենամոտ մրցակից, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի օգտին՝ 29 տոկոսը:

Երկու թեկնածուները բավականին կոշտ ընտրապայքար են վարում ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգում:

Միթ Ռոմնիին անհրաժեշտ է հաղթանակ տանել Ֆլորիդայում՝ Հարավային Կարոլինա նահանգում հունվարի 21-ին Գինգրիչին պարտվելուց հետո հանրապետական նախընտրական պայքարում թուլացած իր դիրքերը վերականգնելու համար:

Գինգրիչը երկուշաբթի օրը դատապարտել է Ռոմնիին ազատական լինելու և քաղաքական անազնիվ գովազդ կիրառելու մեջ: Այս մեղադրանքները բարձրաձայնելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն անվանել է Ռոմնիին «աբորտների, զենքի տիրապետման վերահսկողության և հարկերի բարձրացման կողմ հանդես եկող՝ չափավոր հայացքների տեր մասաչուսեթսեցի»:

Ռոմնին, խոսելով Գինգրիչի մասին, ավելի վաղ նշել է, որ վերջինս փորձում է արդարություն գտնել ընտրարշավի ընթացքում իր վիճարկելի արդյունքներին, և հիշեցրել, որ Գինգրիչը նախկինում մեղավոր է ճանաչվել էթիկական կանոնների խախտումների համար, որոնց պատճառով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:

XS
SM
MD
LG