Մատչելի հղումներ

Հարավային Կարոլինան ընտրում է հանրապետական թեկնածուին


Հարավային Կարոլինան ընտրում է հանրապետական թեկնածուին


ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում շաբաթ օրը սկսվեցին նախագահի հանրապետական թեկնածուի համար անցկացվող նախնական ընտրությունները։

Չորս թեկնածուների շարքում առաջին տեղերում գտնվող երկու գործիչները նախընտրական արշավ են անցկացնում հարավային այս նահանգի նույն մի հատվածում, նույն օրը։
Վերջին հարցման արդյունքներով, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի համար այսօր ամենամեծ մրցակիցը համարվում է Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը։
Իսկ մի քանի շաբաթ առաջ անցկացված հարցումները ցույց էին տվել, որ Հարավային Կարոլինիայի նախնական ընտրություններում Ռոմնին հեշտությամբ էր հաղթանակ տանելու։ Սակայն Ռոմնիի մրցակիցների կողմից նրա դեմ սկսված քաղաքական հարձակումների արդյունքում պայքարը լինելու է շատ ավելի լարված։ Սպասվում է, որ նրանցից մեկը հաղթանակ կտանի ձայների չնչին տարբերությամբ։

Գինգրիչը օգտվեց այն հանգամանքից, որ Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերրին հինգշաբթի օրը դուրս եկավ մրցապայքարից եւ իր աջակցությունը հայտնեց Գինգրիչին։

Այսպիսով, Հարավային Կարոլինայի նախնական՝ կուսակցական մակարդակի ընտրություններում պայքարում են Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիք Սանթորումը, Տեխասից կոնգրեսական Ռոն Փոլը, Գինգրիչն ու Ռոմնին։
Ամերիկացիների մեծ մասի համար այս ընտրություններում ամենակարեւոր հարցերն են երկրի տնտեսությունը եւ բարձր գործազրկությունը։ Եւ քաղաքական մեծաթիվ վերլուծաբաններ են ենթադրում, որ ծանր կացության մեջ հայտնված տնտեսության պատճառով դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման հանրապետական թեկնածուի հետ նախագահական ընտրապայքարի ժամանակ կանգնելու է մեծ դժվարությունների առջեւ։

XS
SM
MD
LG