Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը սատարում է Միթ Ռոմնիի թեկնածությունը


Դոնալդ Թրամփը սատարում է Միթ Ռոմնիի թեկնածությունը
Դոնալդ Թրամփը սատարում է Միթ Ռոմնիի թեկնածությունը

Անշարժ գույքի ոլորտի մագնատ Դոնալդ Թրամփը հայտնել է Միթ Ռոմնիի թեկնածությունը սատարելու մասին՝ ասելով լրագրողներին, որ Ռոմնիին հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու ընտրելու դեպքում ինքը անկախ ընտրարշավ չի մեկնարկի:

Թրամփը, որը վերջերս ծանրութեթև էր անում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու հնարավորությունը, հանդես է եկել Ռոմնիին սատարելու մասին հայտարարությամբ հինգշաբթի օրը Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, որը կրում է Թրամփի անունը:

Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Թրամփի որոշումը շաբաթ օրը Նևադա նահանգում հանրապետական կուսակցության կայանալիք նախընտրական ժողովների վրա:

Մամուլում չորեքշաբթի երեկոյան հրապարակվել էին հաղորդագրություններ, որոնց համաձայն Թրամփը նախատեսում էր աջակցություն ցուցաբերել Ռոմնիի հիմնական հակառակորդին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին:

Թրամփը սակայն հիմնավորել է Ռոմնիին սատարելու մասին իր որոշումն այն հանգամանքով, որ իր որոշումը ձևավորվել է Ռոմնիի հետ ունեցած մի քանի զրույցից հետո: Անշարժ գույքի ոլորտում գործող մագնատը մասնավորապես շեշտել է, թե իր վրա մեծ տպավորություն է թողել Չինաստանի նկատմամբ Ռոմնիի զբաղեցրած կոշտ դիրքը:

Նևադա նահանգում կայանալիք նախընտրական ժողովն այն ութ նախընտրական ժողովներից է, որոնք անցկացվելու են «Սուպեր երեքշաբթի» կոչվող օրվանից առաջ, երբ մեկ օրվա ընթացքում ընտրվելու է ընտրական 437 պատգամավոր:

Ի համեմատություն, գալիք ամբողջ մեկ ամսվա ընթացքում ընտրվելու է ընտրական 200 պատգամավոր:

Նևադայում հանրապետականների շրջանում դեկտեմբեր ամսին անցկացված հարցման արդյունքների համաձայն, առաջատար դիրքերը զբաղեցրել է Միթ Ռոմինին, որին հետևել են Գինգրիչը և Տեխաս նահանգի ներկայացուցիչ Ռոն Փոլը:

XS
SM
MD
LG