Մատչելի հղումներ

Ռիք Փերին դուրս է եկել ընտրապայքարից


Ռիք Փերին դուրս է եկել ընտրապայքարից
Ռիք Փերին դուրս է եկել ընտրապայքարից

Տեխասի նահանգապետ Ռիք Փերին հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը որոշում է կայացրել դուրս գալ ԱՄՆ-ի նախընտրական պայքարից:

Հրաժեշտի ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես գալուց հետո Փերին հայտնել է Նյութ Գինգրիչին սատարելու մասին` ասելով, որ Գինգրիչը «կարող է համախմբել պահպանողական շարժումը»:

Խոստովանելով, որ Գինգրիչի հետ ինքը տարաձայնություններ է ունեցել` Փերին ասել է. «Գինգրիչը կատարյալ չէ: Իսկ ո՞վ է կատարյալ»:

Հարավային Կարոլինա նահանգում ընտրողների կարծիքի անցկացվող հարցումների արդյունքները վկայում են Գինգրիչի արագ աճող ժողովրդականության մասին: Չնայած այդ հանգամանքի, Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Միթ Ռոմնին ի վերջո կառաջադրվի որպես հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու:

Նախընտրական պայքարից Ռիք Փերիի դուրս գալու մասին լուրերը ստանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ Այովա նահանգում հանրապետական կուսակցության պաշտոնատար անձինք հանդես են եկել հայտարարությամբ` հայտնելով, որ Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Ռիք Սանտորումը հունվարի 3-ին նահանգում հանրապետական կուսակցության կայացած ժողովների ընթացքում հավաքել է ձայների մեծամասնությունը:

Նոր տվյալների համաձայն, Այովայում քվեների վավերացումից հետո Սանտորումի հավաքված ձայների թիվը 34-ով գերազանցել է Միթ Ռոմնիի կողմից հավաքված ձայների թվին:

Այովա նահանգում հանրապետական կուսակցության պաշտոնատար անձինք Սանտորումին սակայն պաշտոնական հաղթող չեն հայտարարել` կուսակցության ութ ժողովների ընթացքում անցկացված քվեարկության արդյունքները կորսվել են և դրանք հնարավոր չէ վերականգնել:

XS
SM
MD
LG