Մատչելի հղումներ

Միթ Ռոմնին հաղթանակ է տարել Ֆլորիդայի նախնական ընտրություններում


Միթ Ռոմնին հաղթանակ է տարել Ֆլորիդայի նախնական ընտրություններում
Միթ Ռոմնին հաղթանակ է տարել Ֆլորիդայի նախնական ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի ընտրարշավին այսօր նոր թափ է հաղորդել Ֆլորիդա նահանգում ծավալված նախընտրական պայքարում իր կողմից տարված հաղթանակը:

Այս նահանգում ընտրողների մեծամասնության ձայները հավաքած Ռոմնին իր հաղթական խոսքում քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և մեղադրել վերջինիս երկրի տնտեսական խնդիրների համար՝ խոստանալով չեղյալ հայտարարել նախագահի կողմից իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումները, հավասարակշռել բյուջեն և տանել երկիրը դեպի տնտեսական բարեկեցության նոր դարաշրջան:

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ռոմնին Ֆլորիդայում նվաճել է ընտրողների ձայների 46 տոկոսը, իսկ իր ամենամոտ մրցակից, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը, որը մոտ մեկ շաբաթ առաջ զգալի առավելությամբ հաղթանակ է տարել Ռոմնիի նկատմամբ Հարավային Կարոլինա նահանգում, ստացել է ընտրողների ձայների 32 տոկոսը:

Ֆլորիդա նահանգում Ռոմնիի հաղթանակին նպաստել են նախնական փուլում իր կողմից ձեռք բերված առավելությունն ու Գինգրիչի դեմ ուղղված քարոզարշավը:

Ընտրարշավի ընթացքում ունեցած իր ելույթներում Ռոմնին հայտնել է իր կողմնակիցներին, թե փոխելու է երկրի զարգացման ընթացքը՝ խոստանալով վերականգնել Ամերիկայի՝ որպես մեծ պետության համբավը:

Գինգրիչը սակայն, չնայած մի քանի ամսվա ընթացքում իր ընտրարշավի թույլ արդյունքների, որոնք չեն խանգարել իրեն մեծ հաղթանակ տանել Հարավային Կարոլինայում, խոստացել է, որ իր ընտրարշավը դեռևս ավարտված չէ:

Ֆլորիդան այն նահանգներից է, որոնք ընտրարշավի ընթացքում տրամադրում է պատգամավորների ամենամեծ թիվը, և այս նահանգում հաղթանակած թեկնածուն ոչ միայն կարող է ձեռք բերել հանրապետական կուսակցության համազգային ժողովում մասնակցող պատգամավորների աջակցությունը, այլև իր կողմը գրավել այլ նահանգների ընտրողներին:

ԱՄՆ-ի նախկին սենատոր Ռիք Սանտորումն ու Տեխաս նահանգի ներկայացուցիչ Ռոն Փոլը նույնպես մասնակցել են Ֆլորիդայի նախնական ընտրություններում, սակայն զգալիորեն հետ են մնացել նախընտրական պայքարի առաջնորդներից:

Ֆլորիդայում անցկացված նախընտրական ընտրարշավի ընթացքում Գինգրիչը դատապարտել է Ռոմնիին ազատական լինելու և քաղաքական անազնիվ գովազդ կիրառելու մեջ: Այս մեղադրանքները բարձրաձայնելուց մեկ օր առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն անվանել է Ռոմնիին «աբորտների, զենքի տիրապետման վերահսկողության և հարկերի բարձրացման կողմ հանդես եկող՝ չափավոր հայացքների տեր մասաչուսեթսեցի»:

Ռոմնին, խոսելով Գինգրիչի մասին, ավելի վաղ նշել է, որ վերջինս փորձում է արդարություն գտնել ընտրարշավի ընթացքում իր վիճարկելի արդյունքներին, և հիշեցրել, որ Գինգրիչը նախկինում մեղավոր է ճանաչվել էթիկական կանոնների խախտումների համար, որոնց պատճառով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:

XS
SM
MD
LG