ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Նյութ Գինգրիչը հաղթանակ տարավ Հարավային Կարոլինա նահանգում անցկացված նախագահական նախնական ընտրություններում, ինչն ավելի է սրում հանրապետական կուսակցությունից նախագահական թեկնածու ընտրելու պայքարը։
Քվեների հաշվարկի արդյունքում Գինգրիչը ստացել է ձայների 4Օ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին՝ միայն 28 տոկոսը։
Միայն մի քանի շաբաթ առաջ անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ այս նահանգում Ռոմնին հաղթանակ պիտի տաներ հեշտությամբ, սակայն այս ընթացքում նրա դեմ սկսվեց մի ուժեղ քարոզարշավ, ինչի արդյունքում էլ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը հասավ հաջողության։
Չնայած շաբաթ օրվա ընտրություններում կրած պարտությանը, հայկական հարցերի պաշտպան Միթ Ռոմնին հավատացած է, որ վերջնական արդյունքներով ինքը հաղթելու է հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու ընտրվելու այս պայքարում։
Նա հայտարարում է, թե եկող շաբաթների ընթացքում ինքն առաջ է տանելու ազատ ձեռներեցության ու տնտեսական ազատության գաղափարները։
Հարավային Կարոլինայի նախնական ընտրությունների արդյունքու երրորդ տեղում է հայտնվել նախկին սենատոր Ռիք Սանթորումը, չորրորդ տեղում՝ կոնգրեսական Ռոն Փոլը։ Վերջինս հայտնի է հայկական հարցերում թուրքական դիրքեր որդեգրելու փորձառությամբ։
Նախնական ընտրությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգում։ Սպասվում է, որ հունվարի 31-ին նախատեսված ընտրությունները լինելու են շատ լարված։