Մատչելի հղումներ

Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին խռովություններ հրահրելու մեջ


Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին խռովություններ հրահրելու մեջ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության է արժանացրել Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Վաշինգտոնն ընդդիմությունը հրահրելու մեջ:

Վարչապետ Պուտինը հինգշաբթի օրն ասել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի մեկնաբանությունները որպես «ազդանշան» են ծառայել իր ընդդիմախոսների համար:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանում անցկացված ընտրությունները ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար են եղել, և որ ընտրությունների արդյունքները «լուրջ անհանգստության տեղիք են տալիս»:

Ռուսաստանի արտգործնախարարությունն «անընդունելի» է անվանել Քլինթընի հայտարարությունը:

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը չորեքշաբթի օրը կոչ է արել անվավեր ճանաչել Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել:

Գորբաչովի համաձայն, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, և իշխանությունները պետք է ընդունեն քվեարկության ժամանակ խարդախությունների իրականացման հանգամանքը:

Ռուսաստանի ընդդիմությունը գալիք տասը օրվա ընթացքում ծրագրել է բողոքի չորս ցույց անցկացնել, որից առաջինի անցկացումը նախատեսվում է շաբաթ օրը Կրեմլի մոտ: Իշխանությունները թույլատրել են ցույցին 300 անձի մասնակցությունը, սակայն «Facebook»-ի և ռուսական սոցիալական ցանցերի միջոցով ցույցին մասնակցելու պատրաստակամություն է արդեն հայտնել 23 հազար մարդ:

XS
SM
MD
LG