Մատչելի հղումներ

«Human Rights Watch»-ը պահանջում է հարգել խաղաղ ցույցերի ազատության իրավունքը


«Ռուսաստանի իշխանությունները պետք է հարգեն խաղաղ ցույցերի ազատության իրավունքն ու անմիջապես ազատ արձակեն 2011 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված բոլոր այն անձանց, ովքեր բռնի գործողությունների չեն դիմել»:

Այս հայտարարությամբ դեկտեմբերի 7-ին հանդես է եկել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ Մոսկվայում անցկացված հանրահավաքի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար, որոնք արտահայտել են իրենց կարծիքով խախտումներով անցկացված ընտրությունների դեմ բողոքը:

Իրավապաշտպանների համաձայն, ձերբակալված ցուցարարներից շատերը դեռևս մնում են կալանքի տակ՝ սպասելով դատավարության, իսկ նրանցից երեքն արդեն դատապարտվել են 15 օրվա վարչական կալանքի:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը նշել է, որ ցուցարարներն իրավունք ունեն արտահայտելու իրենց մտահոգությունն ընտրությունների անցկացման եղանակով:

«Խաղաղ ցույցի մասնակիցներին ձերբակալելու և վերջիններիս ազատազրկման դատապարտելու պրակտիկան ստվեր է գցում երկրի կառավարության վրա և անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում», - ասել է Ուիլյամսոնը:

«Human Rights Watch»-ի հաղորդագրությունում նշվել է, որ խաղաղ ցույցերի ազատության իրավունքը երաշխավորված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև Ռուսատանի սահմանադրությամբ:

Հայտարարությունում վկայակոչվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունն այն մասին, որ խաղաղ ցույցերի մասնակցելու ազատության իրավունքն ունի այնպիսի մեծ կարևորություն, որ անձը չի կարող ենթարկվել կարգապահական նույնիսկ ամենաթեթև սանկցիաների՝ չարգելված հավաքներին մասնակցելու համար, քանի դեռ նման հավաքների ընթացքում անձը չի կատարել դատապարտելի որևէ արարք:

Իրավապաշտպան կազմակերպությունը մեջ է բերել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքն այն մասին, որ հակաօրինական վիճակը չի արդարացնում հավաքների ազատության խախտումը:

Ուիլյամսոնի համաձայն, «բողոքի ցույցի մասնակիցները թիվն անսպասելի մեծ էր իշխանությունների համար, իսկ ոստիկանությունը պետք է կարգուկանոն պահպանի»:

«Սակայն չկար իրենց դժգոհությունը պարզապես արտահայտող մարդկանց դեմ չափազանց մեծ ուժ գործադրելու, ձերբակալվածներին պատշաճ իրավական ընթացակարգից օգտվելու իրավունք չտրամադրելու կամ երկարատև ազատազրկմամբ վերջիններիս պատժելու կարիքը», - «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության կողմից տարածված հաղորդագրությունում նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը:

XS
SM
MD
LG