Մատչելի հղումներ

Մեդվեդև. «Ռուսաստանում ընտրությունների արդյունքներով պետք է հետաքննություն անցկացվի»


Մեդվեդև. «Ռուսաստանում ընտրությունների արդյունքներով պետք է հետաքննություն անցկացվի»
Մեդվեդև. «Ռուսաստանում ընտրությունների արդյունքներով պետք է հետաքննություն անցկացվի»

Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկրում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ցույցերի պատճառը դարձած խարդախությունների մեղադրանքներով անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել:

Նախագահ Մեդվեդևը հինգշաբթի օրը նշել է, որ Ռուսաստանի ընտրական համակարգը կատարյալ չէ՝ հավելելով սակայն, որ ընտրությունները լավ են կազմակերպված եղել:

Ռուսաստանի նախագահը մեջ է բերել նաև քաղաքական դիտորդների կարծիքը, որոնց համաձայն ընտրությունների արդյունքները համապատասխանել են ակնկալիքներին:

Դմիտրի Մեդվեդևը հորդորել է Ռուսաստանի քաղաքացիներին հետաքննություն իրականացնելու ընթացքում հանգստություն պահպանել և ասել, որ բողոքի ցույցերը «բնական երևույթ են», սակայն պետք է անցկացվեն օրենքի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը խիստ քննադատության է արժանացրել Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Վաշինգտոնն ընդդիմությունը հրահրելու մեջ և ասելով, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի մեկնաբանությունները որպես «ազդանշան» են ծառայել իր ընդդիմախոսների համար:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանում անցկացված ընտրությունները ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար են եղել, և որ ընտրությունների արդյունքները «լուրջ անհանգստության տեղիք են տալիս»:

Ռուսաստանի արտգործնախարարությունն «անընդունելի» է անվանել Քլինթընի հայտարարությունը:

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը չորեքշաբթի օրը կոչ է արել անվավեր ճանաչել Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել:

Գորբաչովի համաձայն, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, և իշխանությունները պետք է ընդունեն քվեարկության ժամանակ խարդախությունների իրականացման հանգամանքը:

XS
SM
MD
LG