Մատչելի հղումներ

Գորբաչովը Ռուսաստանում նոր ընտրություններ անցկացնելու կոչ է արել


Գորբաչովը Ռուսաստանում նոր ընտրություններ անցկացնելու կոչ է արել

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել անվավեր ճանաչել Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել:

Գորբաչովի համաձայն, ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, և իշխանությունները պետք է ընդունեն քվեարկության ժամանակ խարդախությունների իրականացման հանգամանքը:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդները և ընտրությունների ընթացքին հետևող միջազգային դիտորդների համաձայն, ընթացակարգային խախտումներ են գրանցվել ընտրողների ձայնի հաշվարկի ընթացքում, ընտրությունների ընթացքում տեղ են գտել քվեատուփերի լցոնման բազմաթիվ դեպքեր և չի ապահովվել թափանցիկությունը:

Ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի հազարավոր ծառայողներ շարունակում են վերահսկել Մոսկվայի փողոցները, ինչը նպատակ է հետապնդում դադարեցնել ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների դեմ բողոքի ցույցերը:

Ռուսաստանի մայրաքաղաքում երեքշաբթի օրը ձերբակալվել է բողոքի ցույցերի ավելի քան 250 մասնակից: Ցույցերի ավելի քան 100 մասնակից ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում:

Կրեմլի մոտ հավաք են անցկացրել նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմնակիցները:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանում անցկացված ընտրությունները չեն եղել ազատ և արդար, և որ ընտրությունների արդյունքները «լուրջ անհանգստության տեղիք են տալիս»:

Ռուսաստանի արտգործնախարարությունն «անընդունելի» է անվանել Քլինթընի հայտարարությունը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր երկրում անցկացված ընտրությունները նկարագրել է որպես «ազնիվ, արդար և ժողովրդավարական»:

XS
SM
MD
LG