Մատչելի հղումներ

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդ. «Սիրթ քաղաքի համար վարվող մարտի ավարտը մոտ է»


Լիբիայի Անցումային ազգային խորհուրդ. «Սիրթ քաղաքի համար վարվող մարտի ավարտը մոտ է»

Լիբիայի հեղափոխական ուժերը հայտնել են, որ մոտ է այն պահը, երբ իրենք լիարժեք վերահսկողություն կհաստատեն Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքի նկատմամբ:

Անցումային ազգային խորհրդի մարտիկները երեքշաբթի օրը հայտնել են, որ Քադաֆիին հավատարիմ մնացող մարտիկները նահանջել են և այժմ գտնվում են ընդամենը երկու թաղամասում:

Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի կողմից Սիրթ քաղաքի նախկինում վերահսկվող հյուսիսային մասն այժմ անցել է Անցումային ազգային խորհրդի մարտիկների վերահսկողության տակ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Խորհրդի մարտիկներին հաջողվել է գրավել Սիրթ քաղաքի մի քանի կարևոր կետ, որոնց թվում են քաղաքի գլխավոր հիվանդանոցը, համալսարանն ու համագումարների պալատը, որը Քադաֆիին հավատարիմ ուժերն օգտագործում էին որպես իրենց գործողությունների հենակետը:

Սիրթ քաղաքում մարտեր վարող ապստամբները հիմնականում ժամանել են այնտեղ Լիբիայի այլ վայրերից, և տեղանքի առավել լավ իմացությունը առավելություն է տալիս Քադաֆիին հավատաիմ մնացող ուժերի մարտիկներին և տեղացիներին:

Անցումային ազգային խորհրդի համաձայն, Սիրթ քաղաքի ազատագրումը հնարավորություն կտա Լիբիան հայտարարել ամբողջությամբ ազատագրված, ինչը կնշանակի, որ ժամանակավոր կառավարության վերահսկողության տակ են գտնվում երկրի բոլոր նավահանգիստները:

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատար Վալերի Ամոսը երկուշաբթի օրը մտահոգություն է արտահայտել Սիրթ քաղաքում մնացող քաղաքացիական անձանց վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ: Ամոսի համաձայն, քաղաքում ավարտի են մոտենում ջրի, սննդի և դեղամիջոցների պաշարները, իսկ նոր պաշարներ, ինչպես նաև մարդասիրական այլ օգնության տրամադրում դեռևս հնարավոր չէ իրականացնել:

Լիբիայի հարավային Բանի Վալիդ քաղաքում, որը նույնպես դեռևս գտնվում է Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի վերահսկողության տակ, հեղափոխական մարտիկները նահանջել են քաղաքի կենտրոնից` դիպուկահարների հուժկու կրակի և բազմաթիվ թակարդ-ականների առկայության պատճառով, սակայն վերահսկողություն են հաստատել օդանավակայանի և քաղաքի մոտակայքում գտնվող երկու գյուղի նկատմամբ:

XS
SM
MD
LG