Մատչելի հղումներ

Քադաֆին կոչ է արել լիբիացիներին բողոքի ցույցեր անցկացնել երկրի ժամանակավոր կառավարության դեմ


Քադաֆին կոչ է արել լիբիացիներին բողոքի ցույցեր անցկացնել երկրի ժամանակավոր կառավարության դեմ

Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆին լիբիացիներին կոչ է արել «բազմամիլիոն» բողոքի ցույցեր անցկացնել երկրի Անցումային ազգային խորհրդի դեմ:

Քադաֆին հինգշաբթի օրը հեռարձակված ձայնային ուղերձում կոչ է արել լիբիացիներին «լինել համարձակ, ապստամբել և դուրս գալ փողոցներ»՝ հավելելով, որ երկրում «դրությունն անտանելի է դարձել»:

Նա նույնպես զգուշացրել է Անցումային ազգային խորհուրդը սատարող զարգացող երկրների ղեկավարներին, որ իրենք պետք է «պատրաստ լինեն իրենց փոխարինելուն միտված խորհուրդների ստեղծման»:

Քադաֆիի հաղորդագրությունը տարածվել է Սիրիայի «Ալ-Ռայի» հեռուստատեսությամբ:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, սա զարմանալի չէ, քանի որ Սիրիայի բռնապետական վարչակարգն այսպիսով փորձում է օգնության հասնել մեկ այլ բռնապետին, որը չի գիտակցում, որ իր ժամանակն ավարտվել է:

Այս տարվա սեպտեմբերի կեսից իր առաջին ուղերձը ձայնագրած Քադաֆիի գտնվելու վայրը, ինչպես նաև այն, թե որտեղից է ինքը ձայնագրել այս հաղորդագրությունը, դեռևս անհայտ է:

Այս ընթացքում շարունակվում են Լիբիայի նախկին ղեկավարի հարազատ Սիրթ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված թեժ մարտերը Անցումային ազգային խորհրդի մարտիկների և Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի միջև:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հինգշաբթի օրը, հանդես ունենալով Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի հանդիպման ընթացքում, ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներն ուսումնասիրում են Լիբիայում ստեղծված անվտանգության իրավիճակը՝ փորձելով որոշել դաշնակիցների կողմից իրականացվող ռմբակոծություններն ավարտելու ժամանակը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն հինգշաբթի առավոտյան ասել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի օդային արշավը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև երկրում չմա Քադաֆիի կողմնակիցների դիմադրության որևէ օջախ և երկրի անցումային կառավարությունը չդիմի դաշինքին՝ օդային հարվածները դադարեցնելու խնդրանքով:

XS
SM
MD
LG