Մատչելի հղումներ

Քլինթընն անսպասելի այցով ժամանել է Լիբիա


Քլինթընն անսպասելի այցով ժամանել է Լիբիա

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն նախօրոք չհայտարարված այցով երեքշաբթի օրը ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:

Այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացրել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի և ժամանակավոր վարչապետ Մահմուդ Ջիբրիլի հետ:

Հանդիպումների ընթացքում Քլինթընը խոստացել է միլիոնավոր դոլարներ կազմող օգնություն տրամադրել Լիբիային՝ հիմնականում կրթական ծրագրերի իրականացման, վնասվածքներ ստացած մարտիկների բուժման, ռազմական և հնագիտական ոլորտներում օգնության ծրագրերի իրականացման նպատակով:

ԱՄՆ-ի կողմից միջոցներ են տրամադրվելու նաև չհաշվառված հազարավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով, որպեսզի դրանք չընկնեն զինյալների ձեռքը:

ԱՄՆ-ի արտգործնախարարը Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է, որն այցելել է Լիբիա՝ այս տարվա փետրվար ամսին երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի դեմ սկսված ապստամբությունից հետո:

Այս ընթացքում Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկները երեքշաբթի օրը մարտական գործողություններ են իրականացրել Սիրթ ծովափնյա քաղաքում: Այս գործողություններն իրականացնելուց մեկ օր առաջ Խորհրդի մարտիկները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենց հաջողվել է վերահսկողություն հաստատել Քադաֆիին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ եղած վերջին բնակավայրը:

Անցումային ազգային խորհուրդը նախկինում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրթ քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատումը թույլ կտա իրենց ազատագրված ճանաչել Լիբիան:

Խորհուրդը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Տրիպոլիից 170 կիլոմետր դեպի հարավ գտնվող Բանի Վալիդ քաղաքը ամբողջովին ազատվել է Քադաֆիին հավատարիմ մարտիկներից` ժամանակավոր կառավարության կողմից կիրակի օրը վերսկսված գրոհի արդյունքում:

XS
SM
MD
LG