Մատչելի հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Լիբիայի ժամանակավոր կառավարությանը վերջ տալ կամայական կալանավորումներին


Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Լիբիայի ժամանակավոր կառավարությանը վերջ տալ կամայական կալանավորումներին

Իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել Լիբիայի Անցումային ազգային խորհրդին վերջ տալ կամայական կալանավորման պրակտիկային՝ ասելով, որ երկրում նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ տիրող իրավիճակի կրկնման վտանգ է ստեղծվել:

Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող իրավապաշտպան այս կազմակերպության կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվում է, որ Լիբիայի արևմուտքում իրականացվում են Քադաֆիին հավատարիմ ուժերում ծառայած զինծառայողների, Քադաֆիին հավատարիմ լինելու մեջ կասկածվող անձանց և ենթադրյալ վարձու զինվորների կանոնավոր ծեծն ու վատ վերաբերմունքը:

«Amnesty International»-ի համաձայն, որպես զեկույցում ներկայացված տեղեկությունների հիմք են ծառայել օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Լիբիայում անցկացված հարցազրույցները:

Իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը կոչ է արել Անցումային ազգային խորհրդին կալանքի տակ գտնվողներին ընձեռել իրենց ազատազրկումը վիճարկելու հնարավորություն կամ ազատ արձակել նրանց:

«Amnesty International»-ի վկայությամբ, Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն ընդունել է իրավապաշտպան այս կազմակերպության մտահոգությունները և խոստացել է ապահովել կալանավորներին օրենքով նախատեսված պաշտպանությունը՝ հավասար պայմաններով:

XS
SM
MD
LG