Մատչելի հղումներ

Քադաֆի. «Լիբիացիները պայքարելու են թռիչքների համար արգելված գոտի սահմանելու դեմ»


Քադաֆի. «Լիբիացիները պայքարելու են թռիչքների համար արգելված գոտի սահմանելու դեմ»

«Լիբիացիները պայքարելու են Արևմուտքի պետությունների դեմ, եթե նրանք փորձեն թռիչքների համար արգելված գոտի սահմանել»։

Այս հայտարարությամբ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ ասելով, թե Արևմուտքի կողմից այս քայլին դիմելու դեպքում Լիբիայի ժողովուրդը կհասկանա, որ Արևմուտքն իրականում ցանկանում է տիրանալ Լիբիայի նավթահանքներին։

Չորեքշաբթի օրը Քադաֆին կրկնել է իր կողմից արված հայտարարությունն այն մասին, որ իր կառավարության դեմ տեղի ունեցող ապստամբությունը կազմակերպել են օտարերկրյա գործակալները։

Քադաֆիին հավատարիմ զորքերը շարունակում են Զավիա քաղաքի գրոհը՝ փորձելով հետ գրավել այն ապստամբներից։ Ականատեսների համաձայն, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքը ենթարկվել է հրետանային ուժգին գնդակոծության։

Լիբիայի հակակառավարական ուժերը փորձում են կրկին վերահսկողության տակ վերցնել Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բին Ջավադ քաղաքը, որը նրանք ստիպված են եղել հանձնել կառավարական գերազանցող ուժերին։

Հաղորդագրությունների համաձայն, Լիբիայի արևելյան Բենգազի քաղաքից գործող ընդդիմության առաջնորդները նախատեսում են համաներում կիրառել Քադաֆիի նկատմամբ, սակայն ավելի ուշ հերքել են այս մասին հաղորդագրությունները։ Երկրի Ազգային խորհրդի խոսնակ Աբդուլ Հաֆիդ Ղոգայի համաձայն, Խորհուրդը պատրաստ չէ բանակցություններ անցկացնել։

Լիբիայի ազգային խորհրդի խոսնակը կոչ է արել օտարերկրյա տերություններին թռիչքների համար արգելված գոտի սահմանել՝ այսպիսով զրկելով Քադաֆիին օդուժ կիրառելու հնարավորությունից։

XS
SM
MD
LG