Մատչելի հղումներ

Քադաֆիի հանձնակատարը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայում


Քադաֆիի հանձնակատարը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայում

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի դեսպանորդը այցելել է Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, որպես հանձնակատար բանակցություններ էր անցկացրել Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամի ավագ օգնական Մուհամեդ Իսմայիլը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խոսնակը հայտնել է «The Guardian» թերթին, որ դեսպանորդին ներկայացվել է հստակ ուղերձ, որի համաձայն Քադաֆին «պետք է հեռանա»։ Խոսնակը հրաժարվել է ներկայացնելու Լիբիայի պաշտոնյաների հետ ունեցած կապերի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ։

Լիբիայի ընդդիմության խոսնակ Մուսթաֆա Ղերիանին, խոսելով ապստամբների հիմնական հենակետ Բենգազի քաղաքից, հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Քադաֆիի վարչակարգը սկսել է քանդվել ներսից»։

Լիբիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ալի Աբդեսալամ Թրեքին հինգշաբթի օրը ընդդիմադիր մի քանի կայքում հրապարակել է իր հեռանալու մասին ուղերձ, այնուհետև փախուստի դիմել Եգիպտոս։ Նրա համաձայն, «Լիբիան ազատ, ժողովրդավարական և բարգավաճ երկիր լինելու իրավունք ունի»։

Թրեքին անցել է ընդդիմության շարքերը՝ Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսայի կողմից Մեծ Բրիտանիա փախուստի դիմելուց հետո։ Քուսան երկար ժամանակ եղել է Քադաֆիի վստահված այն անձը, որին հաճախ նկարագրել են որպես իր կառավարության «սյուներից» մեկը։

ՄԱԿ-ում Լիբիայի նախկին փոխդեսպան Իբրահիմ Դաբաշին հայտնել է, որ «մի քանի օրվա ընթացքում» այս երկիրը կարող է լքել բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյա։

Նրա համաձայն, իշխանությունները բարձրաստիճան պաշտոնյաներին վերահսկելու համար սկսել են պահակներ կցել նրանց։

XS
SM
MD
LG