Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ստանձնեց Լիբիայում օդուժի գործողությունների հրամանատարությունը


ՆԱՏՕ-ն ստանձնեց Լիբիայում օդուժի գործողությունների հրամանատարությունը

ՆԱՏՕ-ն ստանձնել է Լիբիայի օդային տարածքում մարտական գործողությունների հրամանատարությունը։ Հրամանատարությունն ընդունվել է միջազգային ուժերի կողմից մարտի 19-ին թռիչքազերծ գոտի հարկադրելու գործողությունների առաջնորդությունն իրականացրած ԱՄՆ-ից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, հրամանատարության փոխանցումն ավարտվել է հինգշաբթի առավոտյան։ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Միավորված պաշտպան» գործողության խնդիրն է Լիբիայում թռիչքազերծ գոտի հարկադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի պահանջների կատարումը, ինչպես նաև սպառազինության վաճառքի արգելքի և քաղաքացիական անձանց պաշտպանության համար օդային հարձակումների իրականացումն ապահովելը։

ԱՄՆ-ի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալությունն մի քանի խումբ է ուղարկել Լիբիա՝ հետախուզական տվյալներ հավաքելու և Քադաֆիի դեմ պայքարող ուժերի հետ կապ հաստատելու նպատակով։ Գործակալները հավաքելու են ապստամբ ուժերի պայքարը գլխավորող անձանց և այդ ուժերի հնարավորությունների մասին տեղեկություններ, որոնք դաշնակիցներն ուսումնասիրելու են՝ նախքան անմիջական ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշման ընդունումը։

Մեծ Բրիտանիայի աղբյուրների համաձայն, Լիբիայում են գտնվում նաև այս երկրի հատուկ ուժերն ու հետախուզության ծառայողները։

ԱՄՆ-ի Սպիտակ տունը կրկին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեռևս որոշում չի կայացրել Լիբիայի ապստամբներին զենք մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել չորեքշաբթի օրը՝ հերքելով այն լուրերը, որոնց համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թույլատրել է իրականացնել Քադաֆիի կառավարության դեմ պայքարող ապստամբներին զինամթերք մատակարարելու մասին գաղտնի գործողություններ։

XS
SM
MD
LG