Մատչելի հղումներ

Իրանը քննադատել է Սաուդյան Արաբիային


Իրանը քննադատել է Սաուդյան Արաբիային

Իրանը քննադատել է Սաուդյան Արաբիային, որի իշխանությունները, մեկնաբանելով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Իրանում նավթի արդյունահանման նվազեցման հնարավորությունը, ասել են, թե կարող են ավելացնել նավթի արդյունահանման ծավալները:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրը երկրի արաբալեզու «ալ-Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ նման արտահայտությունները «բարյացակամ չեն»:

Սալեհին նման եղանակով արձագանքել է Սաուդյան Արաբիայի նավթի արդյունաբերության նախարար Ալի ալ-Նայիմիի մեկնաբանությանը, որն ասել է, թե «ի պատասխան աշխարհում ձևավորվող հրատապ պահանջներին՝ Սաուդյան Արաբիան կարող է հեշտությամբ ավելացնել երկրում նավթի օրական արդյունահանումը երկու միլիոն տակառով»:

Այս ամսվա վերջին Եվրոպական Միության պետությունները նախատեսում են քննարկել Իրանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը՝ Թեհրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի պատճառով փորձելով ավելացնել ճնշումն այս երկրի վրա:

Նավթարդյունահանող երկրների կազմակերպությունում Իրանի ներկայացուցչի համաձայն, Եվրոպական Միության նման քայլը հավասար կլինի «տնտեսական ինքնասպանության»:

Իրանի իշխանությունները վերջերս սպառնացել են փակել նավթի համաշխարհային առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը: Այս սպառնալիքներին ի պատասխան ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն այս շաբաթվա սկզբին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նման սպառնալիքները «վտանգավոր սադրանք» են:

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աստիճանի բարձրացման վերջերս նպաստել է նաև ահաբեկչական հարձակման պատճառով միջուկային ոլորտում գործող Իրանի առաջատար գիտնականներից մեկի սպանությունը, որի համար Իրանի իշխանությունները մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին և պահանջել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի այս սպանությունը:

Իսրայելն ու Միացյալ Նահանգները սակայն հերքել են գիտնականների սպանության հետ որևէ առնչություն ունենալը:

XS
SM
MD
LG