Մատչելի հղումներ

Իրան. «Ամերիկյան ավիակիրը չպետք է վերադառնա Պարսից ծոց»


«Ջոն Ստենիս» ավիակիր

Իրանի իշխանությունները, Հորմուզի նեղուցում ռազմածովային զորավարժությունների ավարտից մեկ օր անց հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ամերիկյան ավիակիրը չպետք է վերադառնա Պարսից ծոց:

Իրանի բանակի հրամանատար այաթոլլա Սալեհին երեքշաբթի օրն ասել է, թե Իրանը չի կրկնելու իր նախազգուշացումը, սակայն չի մանրամասնել, թե որ ավիակիրի մասին է խոսքը:

Բահրեյնում տեղակայված ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի խոսնակն անցյալ շաբաթ հայտնել է, որ նախապես ծրագրված գործողության շրջանակներում «Ջոն Ստենիս» ավիակիրը Հորմուզի նեղուցով դուրս է եկել Պարսից ծոցի շրջանից:

Ֆրանսիայի իշխանություններն իրենց հերթին երեքշաբթի օրը հանդես են եկել Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ, ներառյալ այս երկրի կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, ընդունելու մասին հայտարարությամբ:

Այս հայտարարությամբ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են՝ հետևելով Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման:

Հիշեցնենք, որ Իրանի ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից այս երկրի կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը ստորագրելուց հետո:

Արժույթի վաճառողները երկուշաբթի օրը հայտնել են, որ փոխարժեքը նվազել է՝ մեկ դոլարի դիմաց հասնելով մոտ 17 հազար ռիալի, ինչը ավելի քան տասը տոկոսով պակաս է անցյալ հինգշաբթի գրանցված ցուցանիշներից:

ԱՄՆ-ի կողմից ընդունված պատժամիջոցներն ուղղված են Իրանի կենտրոնական բանկի հետ գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունների դեմ, իսկ պատժամիջոցների լրիվ ծավալով իրականացումը կարող է ազդեցություն գործել միջազգային շուկաներում նավթ վաճառելու Իրանի կարողության վրա:

Այս քայլը նպատակ է հետապնդում խոչընդոտել Իրանի կողմից իր միջուկային և հրթիռային ծրագրերին ֆինանսավորում տրամադրելուն:

Սպասվում է, որ Եվրոպական Միությանն այս ամսվա ընթացքում կընդունի լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են ներառել նաև Իրանից նավթամթերքի ներմուծման արգելքը:

Իրանը, ի պատասխան նման պատժամիջոցների, սպառնացել է արգելափակել Պարսից ծոցից նավթամթերքի արտահանման կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:

XS
SM
MD
LG