Մատչելի հղումներ

«Հորմուզի նեղուցը փակելու դեպքում ԱՄՆ-ը կարող է պատասխան գործողությունների դիմել»


Հորմուզի նեղուց. արբանյակային լուսանկար

«Վաշինգտոնը հաղորդագրություն է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիին այն մասին, որ Հորմուզի նեղուցը փակելու դեպքում ԱՄՆ-ը կարող է պատասխան գործողությունների դիմել»:

Այս մասին հայտնել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթը՝ մեջբերելով իր անվան գաղտնիության պայմաններով նման տեղեկություններ հաղորդած Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանցից մեկին:

Պարբերականի վկայությամբ, գաղտնի հաղորդագրությունը հասցեատիրոջը հասցվել է ավանդականից տարբեր եղանակով՝ այս անգամ չփոխանցվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես եկող Շվեյցարիայի կառավարության միջոցով:

Իրանի իշխանությունները վերջերս սպառնացել են փակել նավթի համաշխարհային առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը: Այս սպառնալիքներին ի պատասխան ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն այս շաբաթվա սկզբին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նման սպառնալիքները «վտանգավոր սադրանք» են:

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աստիճանի բարձրացման վերջերս նպաստել է նաև ահաբեկչական հարձակման պատճառով միջուկային ոլորտում գործող Իրանի առաջատար գիտնականներից մեկի սպանությունը, որի համար Իրանի իշխանությունները մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին և պահանջել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի այս սպանությունը:

Իսրայելն ու Միացյալ Նահանգները սակայն հերքել են գիտնականների սպանության հետ որևէ առնչություն ունենալը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան սակայն հինգշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք որոշ կասկածներ ունեն այն մասին, թե ով կարող էր իրականացրած լինել այս սպանությունը:

XS
SM
MD
LG