Մատչելի հղումներ

Ֆրանսիայի ֆինանսների նախարարն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՀ-ի նախագահի պաշտոնին


Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդ
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդ

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջադրելով իր թեկնածությունն Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնին։

Լագարդը, որը համարվում է այս պաշտոնում ընտրվելու ամենամեծ հավանականություն ունեցող թեկնածուն, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը։

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի գլխավորությամբ, հստակ հայտնել են միջազգային ֆինանսական այս կառույցի ղեկավարի պաշտոնում եվրոպական պետություններից մեկի ներկայացուցչի տեսնելու իրենց ցանկության մասին։

Անցումային տնտեսությամբ ամենամեծ երկրները սակայն քննադատության են ենթարկել ԱՄՀ-ի այս պաշտոնի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու Եվրոպայի ցանկությունը։

Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան երեքշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ քննադատելով միջազգային կառույցին այս առաջարկության համար։

Սպասվում է, որ Միացյալ Նահանգները կսատարի Եվրոպայի կողմից առաջադրված թեկնածությանը՝ շարունակելով ավանդույթը, որը նաև թույլ է տալիս ԱՄՆ-ի ներկայացուցչին ղեկավարել Համաշխարհային բանկի գործունեությունը։

XS
SM
MD
LG