Մատչելի հղումներ

Քլինթընը հանդիպել է Բիրմայի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունգ Սան Սու Չժիի հետ


Քլինթընը հանդիպել է Բիրմայի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունգ Սան Սու Չժիի հետ
Քլինթընը հանդիպել է Բիրմայի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունգ Սան Սու Չժիի հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրը Բիրմայի Ռանգուն քաղաքում հանդիպել է երկրի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունգ Սան Սու Չժիի հետ:

Արտգործնախարար Քլինթընի և Նոբելյան մրցանակակիր Աունգ Սան Սու Չժիի միջև հանդիպումն անցկացվել է վերջինիս տանը, որտեղ ինքը քսան տարվա ընթացքում հիմնականում գտնվել է տնային կալանքի տակ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտգործնախարար Քլինթընը գովասանքի խոսքեր է ուղղել Բիրմայի ժողովրդավարական շարժման առաջնորդին նրա «անկոտրում և հստակ» առաջնորդության համար՝ ասելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում են, որ Բիրման արժանապատիվ տեղ զբաղեցնի աշխարհի պետությունների շարքում:

Քլինթընի համաձայն, Աունգ Սան Սու Չժիի գործունեությունը շատերի համար «ոգեշնչող օրինակ է ծառայել»:

Բիրմայի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Աունգ Սան Սու Չժին իր խոսքում գոհունակություն է արտահայտել Միացյալ Նահանգների և Բիրմայի միջև փոխադարձ կապերի զարգացմամբ, քանի որ, իր կարծիքով, նման շփումները կդյուրացնեն դեպի ժողովրդավարական անցման գործընթացը:

Իրենց հանդիպման ընթացքում Քլինթընն ու Աունգ Սան Սու Չժին չեն անդրադարձել Միացյալ Նահանգների կողմից Բիրմայի կառավարության նկատմամբ սահմանված և դեռևս գործող պատժամիջոցներին, սակայն արտգործնախարար Քլինթընը հինգշաբթի օրը երկրի մայրաքաղաքի այցելության ընթացքում նշել է, որ Բիրմայի կառավարության կողմից քաղաքական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերը «ուշադրության են արժանանում»:

Արտգործնախարար Քլինթընը հորդորել է Բիրմայի կառավարությունն արագացնել երկրի ներսում հաշտեցման գործընթացը՝ ազատ արձակելով քաղբանտարկյալներին և դադարեցնելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնությունները:

Հիլարի Քլինթընը նաև կոչ է արել Բիրմայի իշխանություններին դադարեցնել Հյուսիսային Կորեայի կառավարության հետ «անօրինական» ռազմական կապերը և հարգել միջուկային զենքի չտարածման խնդրի շուրջ միջազգային հանրության դիրքորոշումը:

XS
SM
MD
LG