Մատչելի հղումներ

Բին Լադենի մահվան մասին լուրերը շփոթություն են առաջացրել Պակիստանում


Բին Լադենի մահվան մասին լուրերը շփոթություն են առաջացրել Պակիստանում

Ի տարբերություն ԱՄՆ-ի, բին Լադենի մահվան մասին տեղեկանալուց հետո Պակիստանում տրամադրությունը տոնական չէ, այլ, ավելի շուտ, շփոթված լռություն է հիշեցնում։

Պակիստանի կառավարության կողմից տարածված հաղորդագրությունում ճանաչվել է այս երկրի տարածքում ԱՄՆ-ի հատուկ ջոկատի կողմից իրականացված գործողության փաստը, սակայն չի ներկայացվել որևէ տեղեկություն դրանում Պակիստանի դերի մասին։

Պակիստանում որոշ մարդիկ մտահոգված են, որ այս երկիրը ենթարկվելու է հարձակումների՝ բին Լադենի մահվանն ի պատասխան։

Երկրի ներքին գործերի նախկին նախարարի կարծիքով, ահաբեկչական ցանցերը կարող են Պակիստանի կառավարության դեմ ուղղված հակահարված հասցնել։

«Պակիստանում ծայրահեղականների խմբերը պատասխանատվության կենթարկեն կառավարությանը և ամբողջ պետությանը։ Կարծում եմ՝ բին Լադենի մահվանն ի պատասխան տեղի կունենան ավելի մեծ թվով ահաբեկչական գործողություններ», - ասել է Պակիստանի ներքին գործերի նախկին նախարարը։

Արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ «Ալ-Քաիդա»-ն պատերազմ է հայտարարել Պակիստանին, և իշխանությունները շարունակելու են աջակցություն ցուցաբերել միջազգային հանրության կողմից ահաբեկչության դեմ մղվող պայքարին։

XS
SM
MD
LG