Մատչելի հղումներ

Փեթրեուսն ընդգծել է Աֆղանստանում հետևողական լինելու անհրաժեշտությունը


Փեթրեուսն ընդգծել է Աֆղանստանում հետևողական լինելու անհրաժեշտությունը

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսը ԱՄՆ-ի Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ Աֆղանստանում ամերիկյան ուժերի համալրումը նպաստել է երկրի կարևորագույն շրջաններից թալիբների նահանջին:

Նա սակայն կրկին զգուշացրել է, որ ձեռքբերումները կայուն չեն և կարող են կորսվել, եթե համապատասխան գումարներ չհատկացվեն քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման համար:

ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել այն հանգամանքի շուրջ, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ծրագրում է դուրս բերել զորքերն Աֆղանստանից` մինչև այս երկրի զինված ուժերը պատրաստ կլինեն ստանձնել երկրում անվտանգության իրավիճակը վերահսկելու պատասխանատվությունը:

Փեթրեուսը հայտնել է, որ զինված ուժերի դուրսբերման հիմքում ընկած է լինելու տվյալ պահին առկա իրավիճակը, և որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի որոշ ստորաբաժանումներ անհրաժեշտ կլինի տեղափոխել զինյալների դեմ վարվող պայքարի ամենաթեժ հատվածներ:

Գեներալ Փեթրեուսն իր խոսքում կոչ է արել Պակիստանի իշխանություններին ավելի շատ ջանք գործադրել Աֆղանստանի հետ սահմանամերձ տարածքներում զինյալների դեմ պայքար մղելու ուղղությամբ` միաժամանակ գովասանքի խոսքեր ուղղելով այս երկրի իշխանություններին՝ վերջին ամիսներին համագործակցությունը բարելավելու կապակցությամբ:

XS
SM
MD
LG