Մատչելի հղումներ

Շրջափակման լուրջ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անընդունելի են. ԱՄՆ պետքարտուղար և Ֆրանսիայի արտգործնախարար


Մոտենում է Լաչինի միջանցքի շրջափակման երկրորդ ամիսը: Միջազգային հանությունը և մարդասիրական կառույցները կոչ են անում վերաբացել Լաչինի միջանցքը: Խնդիրը քննարկում են վերլուծաբանները

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան իրենց հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Արտգործնախարարը և պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերին և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անընդունելի են, և Ֆրանսիան և Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև շփումների միջոցով համատեղում են իրենց ջանքերը իրավիճակին վերջ տալու համար»:

Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման մասին օրերս հայտարարել է նաև Amnesty International հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը, որն իր ծավալուն հայտարարության մեջ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել ճանապարհը և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին, որը վտանգում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդկանց կյանքերին։

«Ադրբեջանի իշխանությունները միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանություն ունեն և վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնառու է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», հայտարարել է Amnesty International-ը։

Վերլուծաբան Փոլ Գոբլը Jamestown Foundation հաստատության կայքում հրապարակած հոդվածում Լաչինի միջանցքի արգելափակման մասին, շեշտում է, որ այսօր Բաքուն ճնշման տակ է Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու հարցում։ Ըստ նրա՝ Ադրբեջանը չի ձգտում կորցնել իր դիրքերն Արևմուտքում կամ ներքաշվել ավելի լայն պատերազմի մեջ, սակայն ադրբեջանական հանրության մի հատվածը, անկասկած, ուրախ կլիներ տեսնելու, որ Ղարաբաղում բնակվող հայությունը հեռանա այնտեղից, ուստի նախընտրում է շարունակել շրջափակումը: Վերլուծաբանը զգուշացնում է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել շատ տարբեր և նույնիսկ ավելի ծանր արդյունքի:

Իր հերթին, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայության հետ հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև զարգացումներին, ողջունում է ԵՄ-ն ու ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը Լհայ-ադրբեջանական գործընթացում: Ըստ նախկին դեսպանի՝ Ռուսաստանի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումներում նվազել է, քանի որ Մոսկվան ամբողջապես կլանված է Ուկրաինայի պատերազմով, որն էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում Երևանի մոտ:

«Հիմնվելով Ռուսաստանի վարքագծի ու Հայաստանի տեսանկյունից աջակցության բացակայության վրա՝ Երևանն իրեն անտեսված է զգում Մոսկվայի կողմից: Դրա արդյունքում, հայկական կողմը կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի գործոնը, քանի որ նույնիսկ մի քանի տարի առաջ բռնկված պատերազմի ժամանակ ռուսական կողմն իրականում չմիջամտեց մինչև այն պահը, երբ Հայաստանի համար Ադրբեջանի հարվածների պատճառով իրավիճակը չդարձավ աղետալի»,- նշում է Քենեթ Յալովիցը:

Յալովիցի պնդմամբ՝ անգամ այսօր Երևանը գտնում է, որ ռուսական կողմն իրենց նույն կերպ չի աջակցում: Որպես փոքր երկիր՝ Հայաստանն անվտանգության տեսանկյունից կախված է Ռուսաստանից, և անվտանգային այդ համակարգում առաջացած բացերը, ըստ նախկին դեսպանի, արդարացիորեն առաջացնում են հայկական կողմի անհանգստությունը:

«Դիվանագիտության տեսանկյունից Երևանն իր տրամադրության ներքո չունի շատ գործիքակազմ։ Բայց այն, ինչ նրանք ցանկանում են այս պահին, դա Արևմուտքի ավելի շատ ներգրավվածությունն է՝ հավասարակշռելու Ռուսաստանի և ինչու ոչ Թուրքիայի գործոնները»,- ասում է նա:

Նախկին դեսպանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանն այսօր օգտվում է այն փաստից, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա:

«Ճիշտ այնպես, ինչպես Պուտինը չի հրաժարվում Ուկրաինան գրավելու գաղափարից, այնպես էլ Ադրբեջանը շատ հստակ ցանկանում է ստանալ ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Կարծում եմ՝ այս շրջափակումը և դրա շուրջ զարգացումները վկայում են, որ Ադրբեջանը ռիկսի է դիմում՝ տեսնելու, թե ինչպես կարող է վարվել ռուսների հետ այս հանգամանքներում»,- նշում է Յալովիցը:

Նրա կարծիքով Վրաստանն այն միակ երկիրն է, որն իսկապես լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի հետ։ Ես կցանկանայի տեսնել, որ Թբիլիսին ավելի մեծ դեր խաղա՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու փորձերում, պնդում է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանը:

XS
SM
MD
LG