Մատչելի հղումներ

Amnesty International-ը կոչ է անում Բաքվին և ռուս խաղաղապահներին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը


Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց կյանքեր, այսօր նշել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը

Կառույցի կայքում հրապարակած հայտարարության մեջ Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել ճանապարհը և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անհասանելի է բոլոր քաղաքացիական և առևտրային երթևեկության համար տասնյակ ադրբեջանցի ցուցարարների կողմից փակվելուց հետո, որոնց, ենթադրվում է, լայնորեն աջակցում են երկրի իշխանությունները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 էթնիկ հայ բնակիչների թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցների և առողջապահական օգնության», շեշտում է կազմակերպությունը:

Ըստ հայտարարության տեքստի՝ Լեռնային Ղարաբաղում բուժաշխատողների և բնակիչների հետ անցկացված հարցազրույցները ի ցույց են դրել շրջափակման կոշտ ազդեցությունը ռիսկային խմբերի վրա՝ ներառյալ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:

«Շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի և բժշկական պարագաների խիստ պակասի, քանի որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ պահանջարկը բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և տրանսպորտային միջոցների վառելիքի մատակարարման խափանումները ծայրահեղ դժվարություններ են առաջացնում, հատկապես խոցելի խմբերի համար: Պետք է անհապաղ վերջ դրվի դրան», - ասում է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:

«Ադրբեջանի իշխանությունների միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանություն ունեն և վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվվի սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղերի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը հանձնառու է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»։

Հայտարարության մեջ ասված է, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների, շրջափակման սկզբից ի վեր տարածաշրջան ժամանող մեքենաների թիվը օրական 1200-ից նվազել է մինչև հինգից վեց բեռնատար, որոնք պատկանում են ռուսական խաղաղապահ առաքելությանը և ԿԽՄԿ-ին:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ առողջապահության հասանելիությունը դարձել է շրջափակման մեջ գտնվող շրջանի ամենահրատապ խնդիրը, քանի որ առկա է դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ, ինչպես նաև վառելիքի անբավարարություն՝ ամբուլատոր բուժօգնություն ապահովելու համար: Իրավիճակը հատկապես սուր է տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որոնցից շատերը քրոնիկական առողջական խնդիրներ ունեն, որոնց հասանելիությունը բժշկական ծառայություններին խիստ սահմանափակված է կամ որոշ դեպքերում ամբողջությամբ խաթարված:

«Ստեփանակերտի (Խանքենդի) հիվանդանոցի սրտաբան Վարդան Լալայանը շրջափակումից առաջ ամսական ընդունել է 30-40 հիվանդի, որոնցից գրեթե բոլորը տարեցներ են եղել: Այժմ նա ամսական ընդունում է ընդամենը հինգ-վեց հիվանդի, սովորաբար նրանց, ովքեր սրտի կաթվածից հետո սուր օգնության կկարիք ունեն: Նա Amnesty International-ին ասել է, որ ստենտավորման ստուգման կարիք ունեցող հիվանդների մեծ մասը հիմնականում չի կարողանում ստանալ իրենց անհրաժեշտ խնամքը ստենտների և այլ բժշկական պարագաների անբավարար մատակարարման պատճառով»:

«Մենք հիմա պրոցեդուրաների 10 տոկոսն ենք անում։ Մենք պարզապես բավականաչափ ստենտներ չունենք […] Մենք կունենանք շատ մեծ թվով սրտի կաթվածների դեպքեր այստեղ: Ամեն օր մենք կորցնում ենք շատ մարդկանց, շատ հիվանդների»,- ասել է նա Amnesty International-ին:

Հայտարարության մ եջ ասված է, որ շրջափակումն առաջացրել է սննդամթերքի դեֆիցիտ, «ինչը ստիպեց դե ֆակտո իշխանություններին հունվարի սկզբից ներդնել ռացիոնալացման համակարգ»։ Բնակիչներից մեկի խոսքով՝ «յուրաքանչյուր անհատ կարող է ստանալ կես կիլոգրամ բրինձ, մակարոնեղեն և մեկ լիտր ձեթ և մի փոքր շաքար», սահմանափակելով ապրանքները ամսական մեկ կիլոգրամով կամ լիտրով մեկ անձի համար՝ անկախ տարիքից: Հարցազրույցների մասնակիցներն ասացին, որ թեև այդ ջանքերն օգնել են կանխել հիմնական սննդամթերքի գների աճը, թարմ բանջարեղենն ու մրգերը ամբողջովին անհետացել են խանութներից, մինչդեռ կաթի և ձվի համար երկար հերթեր են գոյանում, երբ դրանք հասանելի են դառնում:

Հիմնվելով Amnesty International-ի հարցազրույցների վրա բնակիչների հետ՝ պարզվեց, որ կանայք սովորաբար գերադասում են սնունդ տալ ընտանիքի մյուս անդամներին, քան իրենց: Amnesty International-ի կողմից հարցված առողջապահական ոլորտի մասնագետները նշել են իմունային անբավարարության, անեմիայի, վահանաձև գեղձի հիվանդության և դիաբետի վատթարացման դեպքերի զգալի աճ կանանց և երեխաների շրջանում՝ որպես սննդի պակասի անմիջական հետևանք:

Շրջափակման հետեւանքով առաջացած այլ սարսափելի հետեւանքների թվում է կրթության իրավունքի խախտումը, ասված է հայտարարության մեջ։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ հաճախում է շուրջ 27000 երեխա, ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով։ Չնայած դպրոցները մասամբ վերաբացվեցին 2023 թվականի հունվարի 30-ին, դպրոցական ժամանակը սահմանափակվում է օրական չորս ժամով:

Շրջափակման սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի 1100 բնակիչ մնացել է շրջափակված վիճակում և չի կարողանում տուն վերադառնալ, այդ թվում՝ առնվազն 270 երեխա։ Նրանց տեղավորում են Հայաստանի հյուրանոցներում կամ հարազատների ու կամավորների տներում։

Գազի և բենզինի պակասն ավելի է սրվում Ադրբեջանից գազի մատակարարման հաճախակի խափանումների և էլեկտրաէներգիայի կրճատումներով, որոնք տևում են օրական միջինը վեց ժամ:

«Շրջափակումն արդեն տևում է իններորդ շաբաթ, և բոլորի հայացքներն ուղղված են Ադրբեջանի իշխանությունների և ռուս խաղաղապահների վրա: Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ զարգացող հումանիտար ճգնաժամին»,- ասել է Մարի Ստրութերսը։

XS
SM
MD
LG