Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի  հայերի շրջափակումը դատապարտող բանաձև


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ փետրվարի 8-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդությամբ ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ բանաձեւի նախագիծ

«Դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակվող խախտումները» վերնագրով բանաձևը ներկայացվել է երկկուսակցական հիմքով, որի նպատակն է մեծացնելու ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ երկու ամիս շարունակվող շրջափակումը դադարեցնելու համար: Բանաձևի հեղինակներն են Նյու Ջերսիից ընտված, հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնը և Կալիֆոռնիայից ընտրված մեկ այլ դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Ավելի քան 60 կոնգրեսականներ աջակցել են բանաձևը, որոնց թվում են հայկական հանձնախմբի այլ համանախագահներ, հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը գործընկերներին ուղղված նամակում գրել է, որ Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելու համար եւ նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Բրեդ Շերմանն էլ իր հերթին գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է գործի եւ միանշանակ դատապարտի այս շրջափակումը։

Բանաձեւի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար: Բանաձեւով առաջարկվում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար դիմել միջազգային դատարան, իսկ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովելու համար համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Ստեփանակերտի հետ։

Առաջարկվում է նաեւ անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցությունը Ադրբեջանին, կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, պատժամիջոցներ կիրառել շրջափակման եւ մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, մշակել ԼՂ հայությանն ամերիկյան կայուն մարդասիրական օգնության եւ զարգացման երկարաժամկետ աջակցության ծրագիր:

XS
SM
MD
LG