Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի բալիստիկ փորձարկման շուրջ արձագանքը


Հյուսիսային Կորեան հաստատել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Դա ամենամեծ հրթիռն է, որը Հյուսիսային Կորեան փորձարկել է ավելի քան չորս տարվա ընթացքում։ Այս քայլն էլ ավելի է մեծացնում ճնշումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է միջին հեռահարության Hwasong-12 բալիստիկ հրթիռը: Այն վերջին անգամ գործարկվել է 2017 թվականին: Այս անգամ Հյուսիսային Կորեան հրապարակել է նաև երկու լուսանկար, որոնք արվել են այն բանից հետո, երբ մարտագլխիկը հասել է տիեզերք։

Փհենյանն ասում է, որ հրթիռն արձակվել է այնպիսի անկյան տակ, որ այն չթռչի այլ երկրների օդային տարածքով:

Ճապոնիայի կառավարության խոսնակ Հիրոկազու Մացունոն դատապարտել է այս քայլը: Իր խոսքում նա նշել է, որ նման բալիստիկ հրթիռների արձակումները հակասում են Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին, և տեղեկացրել, որ Տոկիոն Պեկինում իր դեսպանատան միջոցով բողոքն է ներկայացրել Հյուսիսային Կորեայի իշխանություններին:

Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում կոչ է արել Հյուսիսային Կորեային վերադառնալ բանակցություններին:

Հյուսիսային Կորեան հունվարին արձակել է 11 հրթիռ՝ սահմանելով ամսական նոր ռեկորդ։ Թեև վերջին փորձարկումն ամենամեծն է վերջին չորս տարվա ընթացքում, վերլուծաբաններն ասում են, որ այն չի կարող դիտվել որպես մեծ սադրանք:

Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Ռամոն Պաչեկո-Պարդոն իր խոսքում նշել է, որ եթե Հյուսիսային Կորեան իսկապես ցանկանար գրավել բոլորի ուշադրությունը, նրանք կիրականացնեին միջուկային զենքի փորձարկումներ: Այս պահին, ըստ նրա, վերջին փորձարկումներին հետևում են միմիայն նրանք, ովքեր հետաքրքրված են Կորեական թերակղզու զարգացումներով:

Ի պատասխան վերջին արձակման՝ ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է լրագրողներին, որ չի բացառում է, որ Հյուսիսային Կորեան շուտով ավելի մեծ փորձարկումներ կանցկացնի՝ ԱՄՆ-ից զիջումներ կորզելու համար: Նա նշում է, որ ԱՄՆ-ը բաց է բանակցությունների համար, բայց այս պահին նախագահական գագաթնաժողով չի նախատեսվում:

XS
SM
MD
LG