Լիբիայում դիպուկահարները կրակ են բացել ցուցարարների վրա

Լիբիայում դիպուկահարները կրակ են բացել ցուցարարների վրա

Լիբիայում անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ կառավարության կողմից գործադրվող բռնությունների պատճառով 173 մարդ է զոհվել։

ԱՄՆ-ից գործող «Human Rights Watch» կազմակերպության կողմից կիրակի օրը ներկայացված տվյալներով, անվտանգության ուժերը կրակ են բացել Լիբիայի երկրորդ գլխավոր քաղաք Բենգազիյում զոհված ակտիվիստների հուղարկավորության արարողությանը հավաքված ցուցարարների վրա, ինչի պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ։

Ականատեսների վկայությամբ, դիպուկահարները կրակ են բացել զինված ուժերի շինությունները գրոհելու փորձ կատարած հուղարկավորության մասնակիցների վրա։

Լիբիայում անցյալ երեքշաբթի օրը սկսված բողոքի ցույցերը հիմնականում անցկացվում են Բենգազիյում և երկրի արևելքում գտնվող քաղաքներում։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կիրակի օրը հրապարակել է նախազգուշացում, ըստ որի Միացյալ Նահանգների քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել այս երկրի արևելյան հատվածներ՝ գալիք օրերի ընթացքում սպասվող խռովությունների և բռնությունների պատճառով։ Նախազգուշացման համաձայն, նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են շատ արագ վերածվել անկառավարելի խռովությունների, որոնց ընթացքում «արտասահմանցիները կարող են դառնալ թիրախ` ցույցերի մասնակիցների համար»։

Լիբիայի իշխանությունները շաբաթ օրը երկրում անջատել են համացանցային կապը՝ զրկելով ակտիվիստներին ցույցեր կազմակերպելու համար օգտագործվող հիմնական միջոցից։

Կառավարությունն արգելել է տեղի և օտարերկրյա լրագրողներին լուսաբանել երկրում տեղի ունեցող խռովությունները, այդ պատճառով անհնար է հաստատել տեղի ունեցող բռնությունների մասին ականատեսների վկայությունները: