Մատչելի հղումներ

Լիբիայի պաշտոնյաներն այլևս չեն սատարում Քադաֆիին


Լիբիայի պաշտոնյաներն այլևս չեն սատարում Քադաֆիին
Լիբիայի պաշտոնյաներն այլևս չեն սատարում Քադաֆիին

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին այլևս չեն սատարում նրա կառավարության գլխավոր անդամները` ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում ներկայացնելով հրաժարականներ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունների պատճառով։

Քադաֆին երկուշաբթի օրը կարճ ելույթով հանդես է եկել հեռուստատեսությամբ, որի ընթացքում ասել է, որ գտնվում է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, այլ ոչ թե Վենեսուելայում։ Սա նրա առաջին ելույթն է անցյալ երկուշաբթի օրվանից, երբ երկրում սկսվեցին բողոքի ցույցերը 42 տարվա նրա պաշտոնավարության դեմ։

Մի քանի երկրներում գտնվող Լիբիայի դիվանագետները, բողոքելով հակակառավարական ցուցարարների նկատմամբ կատարված հարձակումների դեմ, հանդես են եկել Քադաֆիի հետ իրենց հարաբերությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ։ ԱՄՆ-ում Լիբիայի դեսպան Ալի Այուջալիի համաձայն, Քադաֆին պետք է հրաժարական ներկայացնի։ Մալայզիայում և Ավստրալիայում գտնվող Լիբիայի դեսպանությունները հայտնել են, որ այլևս չեն ներկայացնում Քադաֆիին։

Հնդկաստանում Լիբիայի դեսպան Ալի ալ-Էսավին հրաժարական է ներկայացրել երկուշաբթի օրը՝ իր խոսքերով «անթույլատրելի» բռնությունների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ օդային ռմբակոծություններ կիրառելու պատճառով։

Բողոքելով բռնությունների դեմ՝ հրաժարական է ներկայացրել Լիբիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Աբդել-Ջալիլը, իսկ երկրի օդուժի երկու կործանիչի օդաչուներ ուղղություն են վերցրել դեպի Մալթա ՝ ասելով, որ դիմել են այս քայլին, երբ նրանց կարգադրել են հարձակում կատարել բողոքի ցույցերի մասնակիցների վրա։

Տրիպոլիում գտնվող ականատեսների վկայությամբ, քաղաքացիական թիրախները ենթարկվել են ուղղաթիռների և ռազմական ինքնաթիռների հարձակման, իսկ վարձու զինվորները և Քադաֆիի կողմնակից զինյալները մարդկանց ահաբեկելու նպատակով անկանոն կրակ են բացել նրանց ուղղությամբ։

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունների համաձայն, ապստամբության ընթացքում զոհվել է 233 մարդ՝ հիմնականում երկրի արևմտյան մասում, որը, ըստ հաղորդագրությունների, անցել է Քադաֆիի իշխանության դեմ հանդես եկող ուժերի վերահսկողության տակ։ «Human Rights Watch»-ի կողմից ներկայացված զոհվածների թիվը չի ներառում երկուշաբթի օրը Տրիպոլիում տեղի ունեցած բռնությունների զոհերին։

Փարիզից գործող «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» կազմակերպության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն, Լիբիայի ինը քաղաք, ներառյալ Բենգազին, Սիրթեն և Միսրաթան, վերահսկվում են ընդդիմադիր ուժերի կողմից։

Դեռևս անհնար է հաստատել այս հաղորդագրությունները, քանի որ Լիբիան արգելել է օտարերկրյա լրագրողների մուտքը երկիր և դադարեցրել հեռահաղորդակցության որոշ միջոցների աշխատանքը։

XS
SM
MD
LG