Մատչելի հղումներ

Քադաֆիի կողմնակից ուժերը դիրքավորվել են Լիբիայի մայրաքաղաքի շուրջ


Քադաֆիի կողմնակից ուժերը դիրքավորվել են Լիբիայի մայրաքաղաքի շուրջ

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը, ի պատասխան Լիբիայում արագ տարածվող ապստամբությանը, ուժեղացրել են վերահսկողությունը երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, իսկ հակակառավարական ուժերը կենտրոնացրել են գլխավոր քաղաքների վերահսկողությունը և խոստացել «ազատագրել» Տրիպոլին։

Երկրի մայրաքաղաքում, որտեղ Քադաֆին դեռևս պահպանում է իր ազդեցությունը, ցույցերի կազմակերպիչները կոչ են արել հինգշաբթի և ուրբաթ օրերին ցույցեր անցկացնել, ինչը բարձրացնում է արյունալի նոր բախումների հավանականությունը։

Հաղորդագրությունների համաձայն, Քադաֆիի զինյալ կողմնակիցները՝ Լիբիայից և աֆրիկյան այլ պետություններից ժամանած վարձու զինվորները, շրջում են Տրիպոլիի փողոցներով և վերականգնում քաղաքի շրջակայքում գտնվող ամրաշինական կառույցները։

Հակակառավարական ուժերի հաղորդագրության համաձայն, իրենք վերահսկողություն են հաստատել Տրիպոլիից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գլխավոր երրորդ քաղաքի՝ Միսուրատայի նկատմամբ։ Լիբիայից Թունիս հեռացող մարդիկ հաղորդել են մայրաքաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաբրաթայում ընթացող ծանր մարտերի մասին։

Այս ընթացքում հակակառավարական խմբավորումները և Քադաֆիին ընդդեմ հանդես եկող Լիբիայի զինված ուժերի ստորաբաժանումները ամրապնդում են վերահսկողությունը Լիբիայի ծովափնյա արևելյան շրջաններում՝ հաստատելով կառավարման մարմիններ և հսկիչ կետեր։

Անհնար է հստակ ներկայացնել երկրում տեղի ունեցող խռովությունների պատճառով զոհվածների թիվը։

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, զոհվել է մոտ 300 մարդ, սակայն ականատեսների կարծիքով, զոհվածների թիվը շատ ավելի մեծ է։

XS
SM
MD
LG