Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Լիբիայի ղեկավարության նկատմամբ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Լիբիայի ղեկավարության նկատմամբ

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև՝ ի պատասխան Լիբիայի վարչակարգի կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած գործողությունների։

Բանաձևով նախատեսվում է նաև Լիբիայում իրականացված բռնությունների հանգամանքների հետաքննությունը հանձնարարել Պատերազմական հանցագործությունների միջազգային դատարանին։

Բանաձևը, որն ընդունվել է շաբաթ օրը ուշ երեկոյան, նախատեսում է Քադաֆիի, նրա չորս որդիների, դստեր և տասը մերձավորներին պատկանող միջոցների սառեցում և այս անձանց նկատմամբ ճամբորդելու արգելքի սահմանում։

Բացի այդ, Անվտանգության խորհուրդը պահանջել է անմիջապես դադարեցնել Քադաֆիի կողմնակիցների հարձակումները Լիբիայի քաղաքացիական անձանց վրա։

ՄԱԿ-ի տվյալներով, Լիբիայում զոհվել է հակակառավարական ցույցերի առնվազն 1 000 մասնակից։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում ասել է, թե Քադաֆին «կորցրել է օրինական ղեկավար համարվելու իրավունքը» և պետք է հրաժարական ներկայացնի։

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը նույն օրը հայտնել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է ձեռնարկում՝ «մարդու իրավունքների խախտումների պատճառով Քադաֆիի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը Լիբիայի ղեկավարության և նրանց մերձավորներին զրկել է ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերից։

XS
SM
MD
LG