Ֆրանսիան պարենային օգնություն է առաքելու Աֆրիկայի Եղջյուր թերակղզի

Ֆրանսիան պարենային օգնություն է առաքելու Աֆրիկայի Եղջյուր թերակղզի

Մոտ 400 տոննա սննդամթերքով բեռնված մի նավ հինգշաբթի օրը մեկնելու է Ֆրանսիայից դեպի Աֆրիկայի Եղջոյւ թերակղզի՝ այս տարածաշրջանում երաշտից և սովից տուժած մարդկանց համար օգնություն հասցնելու նպատակով:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, այս նավով տեղափոխվող ալյուրը, շաքարը, բրինձն ու ձեթը բավական են մեկ ամսվա ընթացքում 22 հազար մարդ սննդով ապահովելու համար:

Այս օգնությունը նվիրատվություն է Ֆրանսիայի մի խումբ ձեռնարկատիրական կազմակերպությունների, և Սոմալիում այն բաշխվելու է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Նավը նպատակակետ կհասնի մոտ 12 օրից:

ՄԱԿ-ի կողմից երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, Սոմալիում տարհանված մարդկանց թիվը պակասում է: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի համաձայն, օգոստոս ամսվա ընթացքում Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո տեղափոխվել է 5 հազար մարդ: Որպես համեմատություն, հուլիս ամսվա ընթացքում Սոմալիի մայրաքաղաք է ժամանել 28 հազար մարդ:

ՄԱԿ-ի Մարդասիրական գործողությունների համակարգման գրասենյակի կողմից հրապարակված շաբաթական զեկույցի համաձայն, նվազել է նաև դեպի Քենիայի և Եթովպիայի փախստականների ճամբարներ փախուստի դիմող մարդկանց թիվը:

Փորձագետները զգուշացնում են, որ Սոմալիի հարավում պարենի արտադրությունը մնում է պատմության մեջ գրանցված ամենացածր մակարդակին, իսկ տարածաշրջանում պահպանվում է սովի առաջացմանը նպաստող պայմանների տարածման և ընդլայնման հավանականության բարձր մակարդակը:

Սոմալիում և հարևան պետություններում շարունակվում է 60 տարվա ընթացքում գրանցված ամենասաստիկ երաշտը: Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, պարենային օգնության կարիքն է զգում ավելի քան 12 միլիոն մարդ:

ՄԱԿ-ն արդեն իսկ սով է հայտարարել Սոմալիի հարավային հինգ տարածաշրջանում:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում հարյուր հազարավոր սոմալիացիներ լքել են իրենց տները՝ որոնելով սնունդ և ջուր: