Մատչելի հղումներ

Երաշտը Սոմալիում ավելի մեծ բնապահպանական խնդիրների ախտանիշ է


Երաշտը Սոմալիում ավելի մեծ բնապահպանական խնդիրների ախտանիշ է

Ըստ որոշ բնապահպանների՝ Սոմալիում ներկայում տեղի ունեցող երաշտի համար որոշ առումով պատասխանատու են մարդու գործողությունները: Նրանց կարծիքով՝ ջերմոցային գազերի արտանետմամբ պատճառած անբարենպաստ եղանակային պայմաններն ավերիչ ջրհեղեղներ են առաջացնում աշխարհի մեկ վայրում, և խիստ չոր պայմաններ՝ մեկ այլ վայրում:

Սեզոնային երաշտը միլիոնավոր սոմալիացիների համար կյանքի անբաժանելի մասն է:

«Սա նախրապանների հասարակություն է, նրանք կարող ենք հոտի հետ շրջել այնտեղ, ուր անձրևել է, և օգտվել նոր աճած խոտից», - ասում է «Critical Ecosystems Partnership» հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Ուոթքինը:

Սակայն այս տարի տեղի ունեցած երաշտը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երաշտներից ամենաուժեղն է, և քիչ են այն վայրերը, որտեղ հոտը կարող է արածել: «Critical Ecosystems Partnership» հիմնադրամը համագործակցում է «Conservation International» կազմակերպության հետ, որի աշխատակից Ջոն Ուոթկինսի խոսքերով՝ անկայունության պատճառով Սոմալիում սրվել է հումանիտար ճգնաժամը: Սակայն երաշտի ուժգնությունը կապված է ավելի լայն բնապահպանական խնդիրների հետ։

«Սա 60 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երաշտն է և 20 տարվա ընթացքում գրանցված ամենասաստիկ սովը: Դրա պատճառը անձրևի անբավարարությունն է, ինչի արդյունքում բնական պաշարների հիմքը կորցրել է հարմարվողականությունը: Սակայն այս ամենը հետևանք է մի շարք լուրջ համաշխարհային միտումների։ Անտառահատումների ծավալումը ամբողջ աշխարհում, օրինակ, խանգարում է ջրի պաշարների պահպանմանը», - ասում է Ուոթքինը:

Ըստ Ուոթքինի՝ անձրևի բացակայության դեպքում անտառն օգնում է պահպանել ջուրը՝ մեծ դեր ունենալով տեղումներ առաջացնող ջրի շրջանառության մեջ։

ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության համաձայն՝ անցյալ տասը տարվա ընթացքում Աֆրիկայում ոչնչացվել է անտառի ավելի քան 30 միլիոն հեկտար:

Ամբողջ աշխարահում անտառների տարեկան կորուստը 5 միլիոն հեկտարից ավելի է՝ հիմնականում արևադարձային անտառները գյուղատնտեսական հողամասերի վերածելու պատճառով:

«Համաշխարհային պաշարների ինստիտուտ»-ի Էկոհամակարգի ծառայությունների տնօրեն Բոբ Ուինթըրբաթըմի խոսքերով՝ կարևոր է նշել, որ էկոհամակարգի փոփոխություններն ազդում են դրա գործողության, և վերջին հաշվով՝ մարդկանց վրա:

«Երաշտը կլիմայի բաղկացուցիչ մասն է, որի վրա գնալով հսկայական ազդեցություն է ունենում մարդը: Չնայած հնարավոր չէ որևէ հստակ անձի գործողություն նշել Աֆրիկայում և պնդել, որ դա երաշտ է առաջացրել, քանի որ երաշտ միշտ է տեղի ունեցել, սակայն երաշտների հաճախականություն ու ուժգնությունը փոխվում է՝ կլիմայի փոփոխության հետ միասին», - ասում է Ուինթըրբաթըմը:

Ուինթըրբաթըմը նշում է նաև, որ հողային ռեսուրսների կառավարման այլ խնդիրներ, օրինակ՝ չափից ավելի արածումն և ծառերի՝ որպես վառելիք օգտագործելու հատումը, նպաստում են ճգնաժամին: Սովն անհապաղ գործողություն է պահանջում, բայց Ուինթըրբաթըմն ասում է, որ երկարաժամկետում բնական պաշարների ավելի լավ կառավարման կարիքը կա:

«Եթե անձրևը թափվում է չպաշտպանված հողի վրա, ապա դա նպաստում է հողի քայքայմանը: Եթե անձրևը թափվում է լավ մշակված հողի վրա, որը ճիշտ է մշակված և որտեղ կիրառվել են պահպանման լավագույն տեխնոլոգիաները, ապա այդ անձրևները հնարավոր է արդյունավետ կերպով օգտագործել՝ բերք ստանալու համար»:

Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդրադարձավ կլիմայական փոփոխության խնդրին և աշխարհում դրա ազդեցությանը և անվտանգությանը: Չնայած ընդհանուր համաձայնության բացակայության՝ ըստ Ուոթքինի՝ դա բնապահպանական խնդիրները կարևորելու նշան է: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է փորձի ամրապնդել բնական պաշարների ճկունությունը, որպեսզի նույնիսկ Սոմալիի նման վայրերում հնարավոր լինի կանաչ տնտեսություն ունենալ:

«Սխալ է ենթադրել, որ անապատը զուրկ է բույսերի բազմազանությունից, բնական պաշարների հիմքից կամ էկոհամակարգից։ Օրինակ՝ գետերի համակարգը, չնայած դրանք գալիս են Եթովպիայի լեռնաշխարհից, հոսում են դեպի ափ, ուստի հարկավոր է ապահովել դրանց անխոչընդոտ հոսքը ժայռից մինչև ափ», - ասում է Ուոթքինը:

Սոմալիի մարդասիրական օգնության ճգնաժամն այժմ առաջնահերթ է: Թե՛ Ուոթքինը, թե՛ Ուինթըրբաթըմը համաձայն են, որ Սոմալիի ուժգին երաշտն ավելի ընդհանուր համաշխարհային բնապահպանական խնդիր է, և որ Կոնգոյի ավազանի կամ Հարավային Աֆրիկայի անապատացումն ազդում է ամբողջ աշխարհում եղանակային պայմանների վրա:

Ըստ նրանց՝ միջազգային հանրությունը պետք է անդրադառնա այնպիսի բնապահպանական խնդիրներին, ինչպիսիք են ջերմոցային գազերի արտանետումն ու անապատացումը, որպեսզի ապագայում երաշտն ու ջրհեղեղը չլինեն հաճախակի, խիստ և երկարատև:

XS
SM
MD
LG