Մատչելի հղումներ

Խոլերայի համաճարակը սպառնում է Սոմալիին


Խոլերայի համաճարակը սպառնում է Սոմալիին
Խոլերայի համաճարակը սպառնում է Սոմալիին

ՄԱԿ-ի փորձագետների համաձայն, Սոմալիում շարունակվող երաշտի պատճառով այս երկիրը կանգնած է խոլերայի համաճարակի վտանգի առջև: Երաշտի պատճառով բնակչությունը, փնտրելով սնունդ և ջուր, ստիպված է լինում լքել տուժած տարածքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական Միշել Յաոյի համաձայն, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող փախստականների թվում կտրուկ ավելացնել են խոլերայով հիվանդանալու դեպքերը: Նրա համաձայն, հիվանդների թվի կտրուկ աճի պատճառներն են հակասանիտարական պայմանները և մաքուր ջրի պակասը:

Հանդես գալով Ժնևում ուրբաթ օրը` Միշել Յաոն տեղեկացրել է, որ միայն Մոգադիշոյի Բանադիր հիվանդանոցում այս տարի խոլերայի պատճառով մահացել է մինչև հինգ տարեկան 181 երեխա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատար անձանց համաձայն, այս տարի Սոմալիում արդեն գրանցվել է սուր ջրային լուծի մոտ 4 300 դեպք, ինչը երեք անգամ գերազանցում է անցյալ տարի գրանցված նման դեպքերի թիվը:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, վերջին ամիսների ընթացքում Մոգադիշո է ժամանել մոտ 100 հազար մարդ` հիմնականում երաշտից տուժած հարավային շրջաններից:

Երաշտից տուժած տարածքները հիմնականում վերահսկվում են «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող «ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների կողմից, որոնք արգելել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններին օգնություն տրամադրել այս տարածքներում:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականներով, Աֆրիկայի Եղջյուր թերակղզում, որը տուժել է վերջին վաթսուն տարվա ամենաուժեղ երաշտից, անհապաղ օգնության կարիքն ունի ավելի քան 12 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG