Մատչելի հղումներ

Եմենի մայրաքաղաքում չեն դադարում ցուցարարների և կառավարական ուժերի միջև բախումները


Եմենի մայրաքաղաքում չեն դադարում ցուցարարների և կառավարական ուժերի միջև բախումները

Եմենի մայրաքաղաք Սանայում դիպուկահարները կրակ են բացել հակակառավարական ցուցարարների ուղղությամբ, որի պատճառով զոհվել է առնվազն վեց, վնասվածքներ ստացել ինը մարդ:

Սանայի Փոփոխությունների հրապարակի մոտակայքում հինգշաբթի օրը տեղի ունեցած հրաձգությամբ Եմենի իշխանությունները շարունակել են հակակառավարական ցուցարարների նկատմամբ արդեն հինգ օր անընդմեջ իրականացվող բռնությունները, որոնց պատճառով անցյալ շաբաթվանից զոհվել է ավելի քան 85 մարդ, որոնց թվում են հիմնականում քաղաքացիական անձինք:

Կառավարական ուժերի գործողությունների պատճառով Եմենում չորեքշաբթի օրը զոհվել է ինը մարդ, երբ անվտանգության ուժերի ծառայողները կրակ են բացել Փոփոխությունների հրապարակում հավաքված հակակառավարական ցուցարարների և սգո զանգվածային արարողության մասնակիցների ուղղությամբ:

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջնորդ, կազմակերպության նախագահ Աբդուլ Լաթիֆ ալ-Զայանին չորեքշաբթի օրը լքել է Եմենը՝ չտրամադրելով որևէ մեկնաբանություն այս երկրում իշխանության փոխանցման գործարքի վերաբերյալ:

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագահը ժամանել էր Եմեն երկուշաբթի օրը՝ փորձելով վերսկսել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից երկրի փոխնախագահին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ Խորհրդի ծրագիրը:

Եմենի նախագահ Սալեհն այս տարվա ապրիլից երեք անգամ իր համաձայնությունն էր տվել այս ծրագրին, սակայն ամեն անգամ հետ է կանգնել գործարքը ստորագրելուց:

Նախագահ Սալեհը դեռևս գտնվում է Սաուդյան Արաբիայում, ուր տեղափոխվել է հունիս ամսին՝ իր նստավայրի ուղղությամբ հարձակումից ստացված վնասվածքներից ապաքինվելու նպատակով:

XS
SM
MD
LG