Մատչելի հղումներ

Եմենի մայրաքաղաքում ծանր մարտեր են ընթանում


Եմենի մայրաքաղաքում ծանր մարտեր են ընթանում

Եմենի մայրաքաղաքում հինգշաբթի օրը ծանր մարտեր են բռնկվել երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերի և նախագահի դեմ հանդես եկող զինված ցեղախմբերի մարտիկների միջև:

Ականատեսների համաձայն, առավոտվանից սկսած պայթյունների և փոխհրաձգության ձայներ են լսվում Սանայի հյուսիսային մասից, որտեղ կառավարական ուժերը մարտեր են մղում ցեղախմբերից մեկի առաջնորդ Շեյխ Սադեք ալ-Ահմարի մարտիկների դեմ:

Զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:

Այս երկրում երկու շաբաթ շարունակվող բախումների զոհ է գնացել մոտ 100 մարդ:

Նախագահ Սալեհը, չնայած երկրում արդեն ութ ամիս շարունակվող բողոքի ցույցերին, շարունակում է դիմադրություն ցուցաբերել իր հրաժարական ներկայացնելու կոչերին:

Անցյալ շաբաթվա ընթացքում Եմենի փոխնախագահ Աբեդ Ռաբբո Մանսուրի հետ բանակցություններ է անցկացրել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջնորդ, կազմակերպության նախագահ Աբդուլ Լաթիֆ ալ-Զայանին՝ փորձելով վերսկսել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից երկրի փոխնախագահին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ Խորհրդի ծրագիրը:

Եմենի նախագահ Սալեհն այս տարվա ապրիլից երեք անգամ իր համաձայնությունն էր տվել այս ծրագրին, սակայն ամեն անգամ հետ է կանգնել գործարքը ստորագրելուց:

XS
SM
MD
LG