Մատչելի հղումներ

Եմենում ցեղախմբերը հարձակում են իրականացրել կառավարական զորքերի հենակետի ուղղությամբ


Եմենում ցեղախմբերը հարձակում են իրականացրել կառավարական զորքերի հենակետի ուղղությամբ

Եմենում կառավարության դեմ պայքարող ցեղախմբերը հարձակում են գործել երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերի վրա:

Հարձակման հետևանքով զոհվել է կառավարական զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարը, ցեղախմբի մարտիկները գերի են վերցրել 30 զինծառայող:

Եմենի պաշտպանության նախարարության կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, երկրի մայրաքաղաք Սանայից հյուսիս գտնվող ռազմական հենակետի ուղղությամբ իրականացված այս հարձակման պատճառով զոհվել է էլիտար Հանրապետական պահակազորի հրամանատար Ալի ալ-Քելեիբին, հարձակման ընթացքում սպանվել է նաև հարձակում գործած ցեղախմբերի չորս զինյալ:

Եմենի նախագահը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ` ցանկություն հայտնելով իշխանությունը փոխանցել խաղաղ ընտրությունների անցկացման միջոցով:

Առաջին անգամ հանդես գալով հեռուստատեսությամբ ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո` Սալեհն ասել է, թե պատրաստ է իրականացնել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագիրը, սակայն հրաժարական ներկայացնելու խոստում չի տվել:

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված ծրագրով նախատեսվում է Եմենի նախագահ Սալեհի իշխանությունը փոխանցել իր տեղակալին:

XS
SM
MD
LG